Логотип

Ինչ քրեական գործի շրջանակում է խուզարկվում Արցախի ներկայացուցչությունը

Արցախի ներկայացուցչությունում խուզարկությունն իրականացվում է ենթադրյալ տնտեսական հանցագործության հետ կապված քրեական վարույթի շրջանակում։ Արցախի ներկայացուցչությունում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց փաստաբան Ռոման Երիցյանը։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ՀՀ քննչական կոմիտեն խուզարկություն է իրականացնում Արցախի ներկայացուցչությունում։ Տեղում ավելի քան 10 քննիչ է աշխատում։

«Այն քրեական վարույթը, որի շրջանակում այս պահին խուզարկությունն իրականացվում է, նախաձեռնվել է 2021 թվականի հուլիսին։ Այն կապված է ենթադրյալ տնտեսական հանցագործության հետ։ Խոսքը վերաբերում է կոնկրետ իրավաբանական անձի և ՀՀ-ում գործող բանկի միջև կնքված վարկային պայմանագրի շրջանակում Արցախի ներդրումային հիմնադրամի կողմից ցեսիայի պայմանագիր կնքելու հետ։ Այդ պայմանագիրը կնքվել է Հայաստանի և Արցախի կառավարությունների որոշման շրջանակում»,- նշեց Երիցյանը։

Խուզարկության որոշումն ուսումնասիրելով` փաստաբանը վստահեցնում է՝ բացահայտ հանցագործության տարրեր չկան, ու մինչ այս պահը ներկայացուցչությունում չեն գտել այնպիսի մի փաստաթուղթ, որն այդ գործի հետ կապ ունի։ Նա չի հասկանում, թե 2021–ի իրադարձությունը ինչ կապ ունի Արցախի ներկայացուցչության մշտական տեղակայման վայրի հետ։

Երիցյանը շեշտեց, որ դատարանի որոշման մեջ արտացոլվում է նաև գործարար Սամվել Կարապետյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը և նրա ցուցմունքը։

Sputnik Արմենիա