Կիրակի օրը՝ հոկտեմբերի 26-ին, Գյուտ Խաչի տոնին, Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ-ն պատարագ մատուցեց Մայր տաճարում: Տեղի ունեցավ նաև Հայ Առաքելական Եկեղեցու տարբեր կառույցներում ծառայող վեց սարկավագների ձեռնադրություն:
ՆՈՒՅՆ ԱՅԴ ԺԱՄԱՆԱԿ ԿԱՐԳԱԼՈՒՅԾ ՔԱՀԱՆԱ ՍՏԵՓԱՆ ԱՍԱՏՐՅԱՆԸ ՍԵՓԱԿԱՆ «ՊԱՏԱՐԱԳՆ» ԷՐ ՄԱՏՈՒՑՈՒՄ Հովհաննավանքում՝ վարչապետ Փաշինյանի, նրա շրջապատի և տաճարի շուրջ ու ներսում ոստիկանական թիկնազորի մասնակցությամբ: Մենք հանգամանորեն չենք նկարագրի կատարվող ամենը. լուսանկարներն ու տեսանյութերը հասանելի են համացանցում: Ծափահարություններ Փաշինյանին տաճարում, կարծես թե դա ոչ թե ժամերգություն էր, այլ քաղաքական շոու. Խորանին մեջքով կանգնած ոստիկաններ, և նա, ով կոպտորեն փակեց հավատացյալի բերանը, որը համարձակվել էր ինչ-որ բան ասել ինքնակոչ քահանայի դեմ… Այդ ամենը հրեշավոր էր: Բայց սպասելի։
Ինչպես որ սպասելի էր այն, որ Հայ Առաքելական Եկեղեցու քահանաներին քննչական կոմիտեում շտապ հարցաքննության կկանչեն հենց կիրակի օրը՝ կրոնական տոնին։
Այն ամենը, ինչ նախորդել էր այդ իրադարձություններին, հստակ ցույց էր տալիս, որ ներկայիս իշխանությունը պատրաստ է ամեն ինչի, որպեսզի ջախջախի հոգևորականներին՝ Կաթողիկոսի գլխավորությամբ, և սասանի Եկեղեցու հիմքերը։ Այս իշխանությունը կարմիր գծեր չունի. ո՛չ էթիկական, ո՛չ բարոյական, ո՛չ կրոնական։
Իսկ Եկեղեցին, անշուշտ, ունի: Որքան էլ բռիաբար սադրի իշխանությունը ՀԱԵ-ին, բարձրագույն հոգևորականությունը երբեք նույնով չի պատասխանում։ Դա արժանի է հարգանքի: Բայց սահմաններ չճանաչող իշխանության աչքում նման զսպվածությունը «կանխատեսելի» դարձնում է Մայր Աթոռին մանիպուլյացիաների համար, հետևաբար՝ նաև խոցելի:
Փաշինյանը հայտարարեց, թե «եկել է Էջմիածինն ազատագրելու ժամանակը» և Հովհաննավանքում տեղի ունեցածն անվանեց «այդ գործընթացի մեկնարկի խորհրդանիշ»: Ի՞նչ է դա նշանակում: Պառակտո՞ւմ։ Իշխանությանը հավատարիմ «այլընտրանքային հոգևորականության» ստեղծո՞ւմ: «Պատերա՞զմ» Էջմիածնի և կառավարության միջև։
Կարելի է գուշակություններ չանել: Ստեփան Ասատրյանի կարգալուծման շուրջ, ամենայն հավանականությամբ, կձևավորվի «հոգևորականության նոր տեսակ»՝ հնազանդ, կառավարելի, քաղաքականապես անվտանգ։ Իշխանությունն ինքը կստեղծի ու առաջ կմղի նրան՝ ներկայացնելով իբրև համարձակ բարեփոխիչ։ Բայց դա հաղթանակ չի դառնա։ Քանզի այդ կերպ «հաղթելով»՝ իշխանությունը վերջնականապես կորցնում է լեգիտիմության նույնիսկ խղճուկ նշույլները, այդ թվում՝ բարոյական։
Եկեղեցին նախարարություն կամ քաղաքական կուսակցություն չէ։ Նա լիազորությունների ժամկետ չունի։ Նրա ծառայությունն ազգին ամենօրյա է՝ դարեդար։ Քաղաքական գործիչները գալիս են ու գնում, իսկ Էջմիածինը կանգուն է դարեր ի վեր։ Եվ հիմա էլ կանգուն կմնա։
Իսկ ինչ վերաբերում է Ստեփան Ասատրյանին, որին այսօր իշխանական քարոզչությունն ակտիվորեն գովազդում է շոու-բիզնեսի օրենքներով, դժվար թե նրան տևական «կարիերայի թռիչք» ժպտա։ Լինելով զուտ քաղաքական նախագիծ՝ նա որոշ ժամանակ կլինի ուշադրության կենտրոնում, իսկ հետո կանհետանա։ Հավատացյալների աչքում նա քահանա չէ։ Իշխանության աչքում ծախսվող նյութ է, որը կդադարի անհրաժեշտ լինել, հենց որ կատարի իր սադրիչ առաքելությունը։ Խորհրդանշական է, որ նրա հարազատ եղբայրը նույն օրը Էջմիածնում քայլում էր Գարեգին Բ-ի կողքին:
Այո, այսօր Փաշինյանն ու իր թիմն անպատժելիություն են զգում, այդ թվում՝ Հայաստանում տեղի ունեցող ամենին դրսից որևէ արձագանքի բացակայության պատճառով։ Մասնավորապես, Արևմուտքը, ուր այդքան շտապում է Փաշինյանը, հերթապահ մտահոգություն անգամ չի հայտնում. Բրյուսելին ու Վաշինգտոնին ավելի հարմար է ձևացնել, թե ոչինչ չի կատարվում։ Չէ որ խնդիրներն այլ են. բացել Զանգեզուրի միջանցքը, «խաղաղություն» ստորագրել Ադրբեջանի հետ և հնարավորինս շուտ փակել Հայկական հարցը՝ որպես նյարդայնացնող աշխարհաքաղաքական գործոն։ Թուրք-ադրբեջանական տանդեմը հրճված է։
Սակայն հայաստանյան ներկայիս ղեկավարությունը, ամենաթողության զգացումից արբած (չէ որ կալանավորումներն ու բռնաճնշումները դեռևս ներվում են, զանգվածային բողոք չկա, իսկ միջազգային հանրությունը ձևացնում է, թե չի նկատում, թե ինչպես են Հայաստանում ժողովրդավարությունից մնացել լոկ ցնցոտիները), չի գիտակցում մի պարզ բան. խորանին ոտնձգող իշխանությունը վաղ թե ուշ ձեռքերը կայրի։
Հայ Առաքելական Եկեղեցին պարզապես կրոնական ինստիտուտ չէ, այն ազգի մատրիցան է, նրա հոգևոր առանցքը: Եթե այն քանդվի, հայկական ինքնությունը խոցելի կդառնա ուծացման նկատմամբ. թուրքական, ադրբեջանական, գլոբալիստական, ինչպիսին ասես։ Հովհաննավանքի կիրակնօրյա դեպքերից հետո այս փաստի գիտակցումը մեր համաքաղաքացիների շրջանում բազմապատիկ սրվել է, շղարշը, պետք է ենթադրել, ընկել է նույնիսկ նրանց աչքերից, ովքեր մինչ օրս հրաժարվում էին հավատալ, որ այս իշխանությունը չունի ո՛չ բարոյական, ո՛չ մարդկային որևէ սահմանափակում։ Իսկ տեսնողները, ինչպես որ տեսնող էին, այդպիսին էլ մնացին։
Այսքանից հետո կարելի՞ է հանրային համախմբման հույս ունենալ։ Կցանկանայինք հավատալ, որ այո:
