Логотип

Իշխանական շրջանակները հնարավոր ճնշումներ են կիրառում «Ուժեղ Հայաստան»-ի գրասենյակների հետ առնչվող անձանց նկատմամբ

Իշխանական շրջանակները հնարավոր ճնշումներ են գործադրում այն անձանց նկատմամբ, ովքեր առնչություն ունեն «Ուժեղ Հայաստան» կուսակցության գրասենյակների հետ, գրել է «Հրապարակ» օրաթերթը։

Պարբերականի փոխանցմամբ՝ կուսակցության գրասենյակների դիմաց շուրջօրյա հերթապահություն են իրականացնում անհայտ անձինք ու մեքենաներ, որոնք նկարահանում և արձանագրում են ընդդիմադիր ուժի կենտրոններ քաղաքացիների ելումուտը։ Այնուհետև, ըստ թերթի, նույնականացվում է այդ մարդկանց ինքնությունը, ինչից հետո ճնշումներ են սկսվում նրանց կամ ընտանիքի անդամների նկատմամբ:

Թերթի աղբյուրը պատմել է, որ մարզերից մեկում ընդամենը 15 րոպեով գրասենյակ այցելած երիտասարդի հորը հաջորդ օրն իսկ աշխատավայրի ղեկավարն ասել է՝ եթե վերջինիս ընտանիքը կապ ունի «Ուժեղ Հայաստանի» հետ, ապա այլևս չի կարող շարունակել աշխատանքը։ Կուսակցությունը մարտի 29-ին նոր գրասենյակ է բացել Գավառ քաղաքում՝ Գեղարքունիքի մարզկենտրոնում:

Կուսակցությունը մտադիր է շարունակել գրասենյակների բացումը այլ համայնքներում։ Քաղաքական ուժի վարչապետի թեկնածուն «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանն է:

Armenia Today