Իշխանության համակիրները վերջին օրերին այցելել են Օհանավանքի Հովհաննավանք եկեղեցի և փորձել սադրել կարգալույծ հռչակված Տեր Արամ քահանային փոխարինող նշանակված Տեր Մանուկին, հայտնել է «Հրապարակ» օրաթերթը:
Կանանցից մեկը, ըստ հրապարակման, ընդհուպ անեծքներ է տեղացել՝ ասելով, որ եթե իրենց քահանային կարգալույծ անեն, տանելու է՝ իր տանը թոռներին պսակի։
Արագածոտնի թեմը քահանային կարգապահական նկատողություն էր հայտարարել, սեպտեմբերի 17-ին՝ կեղծ որակել նրա հնչեցրած հայտարարությունները։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ պատրաստ է կանգնել Ասատրյանի և եկեղեցու խնդիրները վեր հանող հոգևորականների թիկունքին։
Հոկտեմբերի 15-ին Ասատրյանի՝ «ցույցերին ստիպողաբար մասնակցելու» հայտարարության քրվարույթի շրջանակում Արագածոտնի թեմի առաջնորդարանում և հոգևորականների տան խուզարկություններից հետո բերման էր ենթարկվել 12 հոգևորական։ Կալանավորվել էին թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը և Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ Գարեգին քահանա Արսենյանը։
Մայր Աթոռը հոկտեմբերի 21-ին կարգալույծ էր հռչակել Ասատրյանին: Դրա համար հիմք էին ծառայել Արագածոտնի թեմի առաջնորդի զեկուցագիրը և Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Պարգևների շնորհման ու կարգապահական հարցերի հանձնախմբի եզրակացությունն առ այն, որ նա հրապարակային ելույթներով ու հայտարարություններով վարկաբեկել է Հայ եկեղեցին, թեմակալ առաջնորդին և ծառայակից եկեղեցականներին:
Armenia Today