Логотип

Իշխանությունները կտապալեն եպիսկոպոսների ժողովը՝ կաթողիկոսին քրգործի հիմքով արգելելով լքել ՀՀ-ն

Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի դեմ նախաձեռնված քրեական վարույթով իշխանությունները հիմք են նախապատրաստում թույլ չտալ նրան լքել Հայաստանը, գրել է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում անելով իշխանական աղբյուրներին։

Ըստ թերթի՝ դրանով կտապալեն Ավստրիայում փետրվարին կայանալիք Եպիսկոպոսաց ժողովը, որի օրակարգում լինելու է վարչապետի կողմն անցած եպիսկոպոսներին թեմական առաջնորդությունից զրկելու հարցը։

Հունվարի 13-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցած Գերագույն հոգևոր խորհրդի ժողովի ժամանակ որոշվել էր Եպիսկոպոսաց ժողովն անցկացնել փետրվարին։ Մայր Աթոռից հունվարի 19-ին փոխանցել էին, որ Հայ Առաքելական եկեղեցու որևէ ժողովական մարմին, բացառությամբ՝ Ազգային-եկեղեցական ժողովի, իր նիստերը կարող է գումարել ցանկացած վայրում։ Նման նախադեպեր կան ինչպես Եպիսկոպոսաց ժողովի, այնպես էլ Գերագույն հոգևոր խորհրդի գումարման դեպքում:

Պաշտոնական Էջմիածինը բազմիցս կոչ է արել «բարենորոգման խորհրդի» անդամ հոգևորականներին վերադառնալ կանոնական դաշտ և խնդիրները լուծել Հայ Առաքելական եկեղեցու ներսում: Վարչապետին միացած եպիսկոպոսները հունվարի 21-ին կոչ էին արել չեղարկել Եպիսկոպոսաց ժողովը՝ հրաժարվելով մասնակցելուց։

Քննչական կոմիտեն կարգալույծ եպիսկոպոս, Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ Արման Սարոյանի (օծյալ անունը՝ Գևորգ-խմբ.) մասին դատական ակտը չկատարելու և կարգալույծ հայտարարելու հիմքով քրեական վարույթ էր նախաձեռնել։

Armenia Today