«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Բարերար Սամվել Կարապետյանի պաշտպանական թիմի անդամ, ամերիկաբնակ հրեա, հայտնի փաստաբան Ռոբերտ Ամստերդամի խոսքերը երեկ ժամեր շարունակ իշխող ՔՊ-ականները շրջանառում էին՝ իրավապահներին փաստացի հրահանգելով կալանավորել փաստաբանին, ով ելույթ է ունեցել ՀՀ-ի դեմ:
Իսկ ի՞նչ էր ասում ամերիկացի փաստաբանը.
«Հայաստանի նկատմամբ հարձակում ենք գործելու ամեն օր, մինչև Սամվել Կարապետյանին ազատ չարձակեն»: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ իշխանական շրջանակները խնդիր են դրել իրենց նոր «թիրախին» կալանքի տանել:
Թեև փաստաբանը հետագայում պարզաբանել է, որ խոսքը վերաբերում է միջազգային իրավական ու քաղաքական ճնշման գործիքներին, ոչ թե ֆիզիկական գործողություններին, սակայն ՔՊ-ի պատգամավորներն ու նրանց հարող ՀԿ-ները մեկնաբանել են արտահայտությունը որպես «հակապետական սպառնալիք»։
Նկատենք որ ձեռագիրը նույնն է. ինչպես բարերարի դեպքում Նիկոլ Փաշինյանը գրեց, թե բարերարը ասել է՝ «կմիջամտեմ», և այդ բառի վրա կառուցվեց մեղադրանքը, նույնը փաստաբանի դեպքում է: Փաստաբանն ասում է՝ «Կհարձակվենք Հայաստանի վրա….» և շարունակում բացատրել՝ ինչպես, իսկ ՔՊ-ն սկսեց տարածել, թե փաստաբանն ասել է՝ «Հայաստանի դեմ գրոհելու ենք». ուրեմն պետք է պատժվի:
Այդ հիմքով, ըստ ՔՊ-ական աղբյուրների, իշխանական շրջանակներում արդեն քննարկվում է Ռոբերտ Ամստերդամի գործունեությունը սահմանափակելու հարցը։
Քաղաքական վերլուծաբանները նկատում են՝ իշխանությունները կրկին փորձում են կիրառել արդեն ծանոթ մեխանիզմը. նախ ձևավորվում է «հակապետական» նարատիվ, ապա գործը տեղափոխվում է իրավական հարթություն՝ ինչպես եղավ Սամվել Կարապետյանի 37 վայրկյան տևողությամբ ուղերձի դեպքում: «Մեր ձևով կմասնակցենք» ձևակերպման համար բարերարին կալանավորեցին. 121 օր է նա բանտում է»։
News.am