Իրանում բողոքի ցույցերի ակտիվությունն օջախային բնույթի է. խոշոր քաղաքների որոշ շրջաններում իրավիճակը հանգիստ է, մյուսներում շարունակում են ակցիաները, այդ թվում՝ իշխանամետ ուժերի հակաքայլերը: Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Իրանի Իսլամական Հանրապետության Մեջլիսի նախկին պատգամավոր Ռոբերտ Բեգլարյանը: Նրա խոսքով՝ Իրանի իշխանություններն առաջին անգամ նոր մարտավարություն կիրառեցին՝ փորձեցին հստակ տարանջատել, այսպես ասած, բողոքի ձևերը՝ ժողովրդի սոցիալական բողոքի ձայնը տարբերակելով երկրում տեղի ունեցող այլ գործընթացներից։
«Իշխանությունը հրապարակավ ընդունում է սոցիալական դժգոհության գոյությունն ու ոչ բռնի պահանջների լեգիտիմությունը՝ միաժամանակ դրանք հստակ տարանջատելով երկրում իրավիճակը ապակայունացնել փորձող արմատական, խուլիգանական խմբերի գործողություններից»,- նշեց Բեգլարյանը:
Նրա խոսքով՝ քաղաքական կառավարման տեսանկյունից նման մոտեցումը կարող է նպաստել լարվածության մակարդակի նվազմանը։ Սակայն գործնականում այն միշտ չէ, որ գործում է, քանի որ փողոցային ակտիվության պայմաններում հաճախ չափազանց դժվար է հստակ գիծ գծել խաղաղ ցուցարարների և արմատական տրամադրված խմբերի միջև։
Երկրում տեղի ունեցող իրադարձություններին զուգահեռ արձանագրվում են նաև ինտերնետ կապի խափանումներ։ Ենթադրվում է, որ սահմանափակումները ժամանակավոր բնույթի են և կիրառվում են իրավիճակի վերահսկման և լարվածության ավելացումը կանխելու նպատակով: Միևնույն ժամանակ, ըստ տեղեկությունների, էլեկտրաէներգիայի, գազի մատակարարումները, ինչպես նաև այլ կոմունալ համակարգերի գործունեությունն իրականացվում են բնականոն ռեժիմով:
Լուրջ մտահոգություն է առաջացնում արտաքին ուժերի հնարավոր միջամտությունը։ Լրատվական դաշտում տարածվում են ամերիկյան և իսրայելական ԶԼՄ-ների տեղեկությունները, տարբեր փորձագետների հայտարարություններ Իրանի ներքին գործընթացների վրա ազդելու փորձերի, ինչպես նաև բողոքի ակցիաներին մասնակից խմբերի հնարավոր զինման և նրանց գործողությունները համակարգելու վերաբերյալ:
Բեգլարյանի կարծիքով՝ արտաքին ազդեցության մասին տեղեկությունները կարող են բերել նրան, որ իշխանությունները խստացնեն բողոքի ալիքի զսպման միջոցառումները, ինչը կարող է բերել ներքաղաքական իրավիճակի հետագա բարդացմանը:
«Եթե արտաքին գործոնը դրվի որպես անկյունաքարային, դա կբերի ավելի կոշտ գործիքների կիրառման։ Ընդ որում, ակնհայտ է, որ մի շարք պետություններ շահագրգռված են Իրանի թուլացմամբ և ապակայունացմամբ», – ընդգծեց նա։
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն ու Իսրայելը ներկայիս աշխարհաքաղաքական կոնֆիգուրացիայում Իրանին դիտարկում են որպես թուլացած խաղացող: Սա հատկապես վերաբերում է Իսրայելին. վերջին ռազմական իրադարձություններից հետո Իրանում տեղի ունեցողը տեղավորվում է ճնշման և ռազմավարական զսպման տրամաբանության մեջ։
Ինչ վերաբերում Է Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիի այն հայտարարությանը, թե Իրանը չի նահանջի ջարդարարների և բողոքի ցույցերին զուգահեռ ապակայունացման փորձերի առաջ, Բեգլարյանը կարծում է, որ այն ուղղված էր ինչպես արտաքին, այնպես էլ ներքին լսարանին:
«Իրանը պետություն է, որն ավանդաբար նշանակալի դեր է խաղում միջազգային ասպարեզում և ունի արտաքին քաղաքական վարքի սեփական մոդելը։ Իր աշխարհաքաղաքական դիրքի պատճառով երկիրը չի կարող անմասն մնալ թե ներսում, թե դրսում տեղի ունեցող իրադարձություններից»,- նշեց Բեգլարյանը։
Այս համատեքստում Իրանի ղեկավարության կոշտ հռետորաբանությունն ուղղված է առաջին հերթին արտաքին աշխարհին։ Երկրի իշխանությունները ցույց են տալիս ճնշմանը հակազդելու պատրաստակամություն, հատկապես ամերիկացի և իսրայելցի քաղաքական գործիչների կտրուկ հայտարարություններից հետո:
