ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանն այսօր ՀՀ քննչական կոմիտեում հարցաքննվել է «Սրբազան պայքարի» գործի շրջանակում: Այս մասին նա հայտնել է հրապարակված տեսանյութում։
«Այսօր ինձ հրավիրել էին Քննչական կոմիտե՝ Պետության սահմանադրական կարգի հիմունքների, պետության դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչություն, հարցաքննության։ Ինձ հրավիրել էին Քննչական կոմիտե՝ «Բագրատ Սրբազանի և 17 արդարների գործի» շրջանակներում։ Այդ գործից կա անջատված մաս և տեղի է ունենում այսպես կոչված՝ լայնածավալ քննություն»,- ասաց Սաղաթելյանը։
Նա նշեց, որ հրաժարվել է որևէ ցուցմունք կամ բացատրություն տալ․ «Հայտարարել եմ՝ դա քաղաքական գործ է, իրավական որևէ պրոցես տեղի չի ունենում, դա ընդամենը քաղաքական պատվերի շրջանակներում հետապնդումներ են, և ես հրաժարվում եմ որևէ բացատրություն տալուց։ Երբ որ այս գործի շրջանակներում գլխավոր դատախազը գտնվում էր Ազգային ժողովում իմ գործընկեր Արթուր Սարգսյանին անձեռնմխելիությունից զրկելու և կալանքի տանելու հարցով ՔՊ-ական պատգամավորները ինչպիսի մեծ ջանքերով և կրքով պահանջում էին՝ բա ինչի՞ մյուս երկու պատգամավորներին՝ Գառնիկ Դանիելյանին և Իշխան Սահաթելյանին անձեռնամխելիությունից չեք զրկում։
Նշեմ, որ մենք անհանգստության որևէ պատճառ չունենք՝ պարզ պատճառաբանությամբ, սա իրավական որևէ պրոցեսի հետ կապ չունի, քաղաքական պատվեր է և փորձելու են այս շրջանակներում ինչ-որ նոր գործ կարելու կամ նոր մարդկանց մեղադրանք առաջադրելու։ Այս իշխանությունների կողմից հետապնդվելը դա պատիվ է, նաև պատիվ է բոլոր նրանց համար, ովքեր այսօր գտնվում են անազատության մեջ, քանի որ նրանք անազատության մեջ են այս չարիքի իշխանության դեմ պայքարելու արդյունքում, այլ ոչ թե հանցագործ են։
Ամոթը և խարանը այս իշխանությունների հետ համագործակցելը և նրանց ձեռքին գործիք դառնալն է։ Իսկ նման քայլերով ինձ, իմ ընկերներին որևէ կերպ չեն կարող շեղել մեր բռնած ուղուց, մեր ճանապարհից և ամեն մի նման քայլ և գործողոթյուն, ոչ թե մեզ կաշկանդում է, այլ ընդհակառակը, նախ համոզվում ենք, որ ճիշտ ընթացքի մեջ ենք և գտնվում ենք ճիշտ ճանապարհին և ավելի վճռական, ավելի կազմակերպված շարժվում ենք դեպի առաջ՝ մեր նպատակին հասնելու և այս չարիքի իշխանության վերարտադրությունը կանխելու ուղղությամբ։ Հետևաբար ամեն ինչ նորմալ է, սիրելի ընկերներ, հայրենակիցներ և հետաքրքրվողներ, պինդ մնացեք»։
News.am
