Հայ հեղափոխական դաշնակցությունը կմասնակցի 2026 թվականին կայանալիք խորհրդարանական ընտրություններին՝ նախապատվություն տալով դաշինքային ձևաչափին։ Այսօր լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարեց ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը` ներկայացնելով ՀՅԴ Հայաստանի կազմակերպության Գերագույն ժողովի 29-րդ արտահերթ նիստի արդյունքները։
«Լիազորել ՀՅԴ ԳՄ-ին վարել ակտիվ նախընտրական բանակցություններ հավանական դաշինքի ձևաչափի վերաբերյալ՝ ապահովելով ՀՅԴ նշանակալի դերակատարությունը և մոտեցումների արտացոլումը կարևորագույն հարցերում»,– ներկայացրեց Սաղաթելյանը։
Նրա խոսքով՝ արտահերթ նիստի ժամանակ հայտարարություն է ընդունվել, որտեղ հստակ արձանագրվել է` 2026 թվականի խորհրդարանական ընտրությունները պետք է դառնան գործող իշխանության վերարտադրումը կանխելու միջոց, քանի որ իշխանափոխությունն օրվա հրամայական է։
«ՀՀ-ն ու ամբողջ հայ ժողովուրդը կանգնած են աշխարհաքաղաքական փոփոխությունների և անվտանգության լրջագույն սպառնալիքների առջև։ Գործող վարչախմբի ապազգային և հակապետական քաղաքականությունը կասկածի տակ է դրել ՀՀ պետականության ապագան ու երկրի տարածքային ամբողջականությունը»,– նշեց Սաղաթելյանը։
Թե ում հետ ՀՅԴ դաշինք կկազմի, ըստ Սաղաթելյանի, այս պահին որոշում չկա։ Միևնույն ժամանակ Սաղաթելյանը նշեց, որ առաջինը բանակցություններ կսկսեն «Հայաստան» դաշինքի հետ։
Նշենք, որ «Հայաստան» դաշինքի քաղաքական առաջնորդը 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն է։
Sputnik Արմենիա
