Логотип

Իսլամական համագործակցության կազմակերպությունը հրատապ նիստ կգումարի Իսրայելի պլանի պատճառով

Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) անդամ երկրների արտաքին գործերի նախարարներն այսօր հրատապ նիստ կանցկացնեն Սաուդյան Արաբիայի Ջիդդա քաղաքում. պատճառը Գազա քաղաքը գրավելու իսրայելական ծրագիրն է։

Օգոստոսի 21-ին Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հաստատեց, որ ռազմական հրամանատարությունը պատրաստվում է վերահսկողություն հաստատել Գազա քաղաքի նկատմամբ և վերջնականապես ջախջախել պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը։

ԻՀԿ արտակարգ նիստ գումարելու հայտը ներկայացրել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ ԻՀԿ-ն ընդգծել է, որ նիստի նպատակն է համակարգել դիրքորոշումներն ու ջանքերը` Գազայի հատվածի նկատմամբ լիակատար վերահսկողություն հաստատելու իսրայելական ծրագրերին հակազդելու համար:

ՌԻԱ Նովոստին հայտնում է, որ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Ջիդդայում կայանալիք նիստում կոչ կանի կանխել զենքի արտահանումը և տարանցումը Իսրայել։

Հիշեցնենք` Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը օգոստոսի 20-ին հաստատել է Գազա քաղաքի գրավման գործողությունը, իսկ պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հայտնել է, որ գործողությանը նախապատրաստվելու շրջանակում ծանուցագրեր է ուղարկվել մոտ 60 000 պահեստազորայինի։ Զինվորականները հավելել են, որ արդեն զորակոչված 20 000 պահեստազորայիններ էլ ծառայության ժամկետը երկարացնելու մասին ծանուցումներ կստանան։ Իսրայելի բանակի ռադիոն՝ «Գալեյ ՑԱԽԱԼ»-ը, հայտնել է, որ Գազա քաղաքի գրավման գործողությունը կտևի մինչև 2026 թվականը, կներգրավվի մինչև 130 000 պահեստազորային։

Նշենք, որ Գազա քաղաքը գրավելու ծրագրերին զուգահեռ միջնորդավորված բանակցություններ են ընթանում անկլավում հրադադար հաստատելու համար։

Եգիպտական աղբյուրը ՌԻԱ Նովոստիին հայտնել է, որ ՀԱՄԱՍ-ը համաձայնել է Եգիպտոսի և Կատարի` 60-օրյա զինադադար հաստատելու առաջարկին, որը փոխանցվել է օգոստոսի 17-ին։ Ըստ այդ առաջարկի` զինադադարին պետք է հաջորդի հակամարտության լիակատար դադարեցումը, իսրայելցի պատանդների կեսը պետք է ազատ արձակվի պաղեստինցի բանտարկյալների մի մասին ազատ արձակելու դիմաց։ Իսրայելը դեռ չի արձագանքել այս առաջարկին։

Հիշեցնենք` 2023 թ. հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Դրանից հետո պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման գրոհայինները ներխուժեցին սահմանամերձ շրջաններ՝ կրակ բացելով զինվորականների և քաղաքացիական անձանց վրա։ Նրանք պատանդ վերցրին ավելի քան 200 անձանց: Իշխանությունների տվյալներով՝ իսրայելական կողմից այդ ժամանակ զոհվեց մոտ 1,2 հազար մարդ։

Իսրայելի պաշտպանության բանակն ի պատասխան սկսեց «Երկաթե թրեր» գործողությունը և հայտարարեց Գազայի հատվածի ամբողջական շրջափակման մասին. դադարեցվեցին ջրի, էլեկտրականության, վառելիքի, սննդամթերքի և դեղորայքի մատակարարումները:

Sputnik Արմենիա