Հայաստանի ուժային մարմինների աշխատանքը երկրի ներքին գործն է, սակայն զարմանալին այն է, որ Միութենական պետության մասին խոսքերն ընկալվում են որպես ինքնիշխանությունից հրաժարվելու կոչ: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի գործը։
Ինչպես հայտնի է, կաշառք պահանջելու համար կալանքի վերցված Ղուկասյանին հոկտեմբերի 26–ին նոր մեղադրանք է առաջադրվել Հայաստանի` այլ երկրների հետ միություն կազմելու վերաբերյալ մտքերի համար։ Դրանք որակվել են որպես Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունից հրաժարվելուն ուղղված հրապարակային կոչ (ՀՀ քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով)։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի խոսքով` նման մեղադրանքները հատկապես տարօրինակ են հնչում ՀՀ պաշտոնյաների և քաղաքական գործիչների՝ ԵՄ-ին անդամակցելու ուղղությամբ Հայաստանի ընթացքի մասին բազմաթիվ հայտարարությունների ֆոնին: Նա հիշեցրել է, որ 2025 թվականի գարնանը ՀՀ-ում ընդունվել է օրենք համապատասխան գործընթաց սկսելու մասին։
«Հետաքրքիր է՝ ի՞նչ են մտածում այդ մասին երկրի իրավապահ մարմինները։ Չէ՞ որ ԵՄ-ին անդամակցելն ուղղակիորեն ենթադրում է արտաքին քաղաքականության, տնտեսության, միգրացիայի, դրամավարկային քաղաքականության և շատ այլ ոլորտներում ազգային ինքնիշխանության սահմանափակում», – նշել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։
Զախարովան հավելել է, որ ԵՄ-ին անդամակցողները պետք է որոշակիորեն զիջեն նաև ինքնիշխանությունը, օրինակ, արտաքին քաղաքական որոշումներ կայացնելիս: Չէ՞ որ Եվրամիությունում թեկնածուներից պահանջում են պատժամիջոցներ կիրառել նրանց նկատմամբ, որոնց ԵՄ-ն անվանել է իր թշնամին և այլն։
Ընդ որում, Հայաստանում եվրաինտեգրմանն աջակցելու համար ոչ մի քրեական պատասխանատվություն կամ քրեական գործի մասին չի խոսվել։
Ամփոփելով՝ դիվանագետը հայտարարել է, որ երկրի արտաքին քաղաքական գծի քննարկումը նորմալ հանրային երկխոսության բաղադրիչ է, և նման արտահայտությունների համար քաղաքացիները չպետք է հետապնդվեն օրենքով:

 
															 
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                            