Երեկ Վրաստանի մայրաքաղաքում տեղի է ունեցել Ադրբեջանի դեսպանատան կազմակերպած միջոցառում՝ նվիրված 44-օրյա պատերազմում «հաղթանակի տարեդարձին»: Անցկացվել է ոչ այլուր, քան Ռուսթավելիի անվան պետական ակադեմիական թատրոնում: Դեսպան Գուլիևը հայտարարել է, որ «միջոցառումը Վրաստանի և Ադրբեջանի ժողովուրդների միջև բարեկամության ու համերաշխության վառ օրինակ է»:
ԴՐԱՆԻՑ ՄԻ ՔԱՆԻ ԺԱՄ ԱՌԱՋ ՎՐԱՍՏԱՆԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ ՀԱՆԴԵՍ ԷՐ ԵԿԵԼ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՄԲ, որում վրդովմունք էր հայտնել համերգի անցկացման կապակցությամբ և կոչ արել երկրի իշխանություններին չեղարկել այն: Հայտարարության մեջ նշվում էր, որ միջոցառումն անցկացվելու է «Եսայի Պիտոևի հիմնադրած շենքում, որի կառուցմանն աջակցել է բարերար Ալեքսանդր Մանթաշևը»:
«Այս իրադարձությունը տեղի է ունենում այն ժամանակ, երբ հազարավոր հայ ընտանիքներ դեռևս տառապում են էթնիկ զտումների հետևանքներից, իսկ Բաքվում կեղծ դատավարություն է ընթանում Ադրբեջանի կողմից ապօրինաբար զավթված տարածաշրջանի խաղաղ բնակիչների և նախկին ղեկավարների նկատմամբ։ Դա միջազգային հումանիտար իրավունքի կոպիտ խախտում է» – ասված էր փաստաթղթում։
Վիրահայերի կոչը, բնականաբար, մնաց անարձագանք։ Եվ ավելի շուտ դա հիշեցնում էր ձայն բարբառո հանապատի, քանի որ աջակցություն չստացավ ոչ մեկի կողմից. ո՛չ հայ հասարակայնության, ո՛չ Հայաստանի գործող իշխանությունների։
Ինչ վերաբերում է հասարակայնությանը, ապա հայաստանյան «քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները», համենայնդեպս նրանց մեծամասնությունը, ողջ թափով զբաղված են ադրբեջանցի հայատյացների հետ երկխոսությամբ և ոգևորությամբ պատրաստվում են պատասխան այց կատարել Բաքու:
Իրոք որ, եթե այդ ներկայացուցիչներին բացարձակապես չի մտահոգում Բերձորի (Լաչինի) միջանցքի արգելափակմանն ակտիվ մասնակցություն ցուցաբերած, սոցցանցերի իրենց էջում Ստեփանակերտում Արցախի դրոշի կոխկրտման լուսանկարներ հրապարակած անձանց հետ հանդիպման փաստը, ինչո՞ւ պիտի նրանց անհանգստացնի հայ ժողովրդին պատուհասած պատմական աղետի տարելիցին նվիրված հանդիսավոր միջոցառման անցկացումը Թբիլիսիում:
ԱՌԱՎԵԼԵՎՍ ՉԻ ԶԱՐՄԱՑՆՈՒՄ ՈՐԵՎԷ ԱՐՁԱԳԱՆՔԻ ԻՍՊԱՌ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ, ասենք, Հայաստանի արտաքին գործերի նախարարություն անվանյալ գերատեսչության կողմից։ Ի՞նչ կարելի է ակնկալել այն հիմնարկից, որի ղեկավարը մի քանի տարի առաջ մերկացվել է «Օմեգա» ծածկանունով կրկնակի գործակալ աշխատելու մեջ, այդ թվում՝ հօգուտ թուրքական հատուկ ծառայությունների։
Ի դեպ, օրերս Արաբատ Միրզոյանը հերթական ապտակը ստացավ թուրքերից։ Երևանում ընթացող ինչ-որ համաժողովի ժամանակ թուրք լրագրողուհին բառացիորեն ասաց հետևյալը (տեսանյութը լայնորեն շրջում է համացանցում). «Երբ դուք պատասխանում էիք հարցին, ինձ թվաց, թե Թուրքիայի ԱԳ նախարարն է խոսում»: Արտաքին գործերի նախարարի պաշտոնը զբաղեցնող ցանկացած նորմալ և սեփական ու ազգային արժանապատվության զգացումով օժտված հայ պատշաճ կերպով կարձագանքեր դրան։ Բայց ոչ Արաբատը, նա աչքն անգամ չթարթեց։ Եվ ընդհանրապես, ո՞վ ասաց, թե դա նրա համար հաճոյախոսություն չէր։
Եվ ահա, նույն այդ ԱԳՆ-ը ծպտուն անգամ չհանեց Վրաստանի բազմահազարանոց հայ համայնքի, ինչպես նաև ողջ հայ ժողովրդի համար խորապես վիրավորական միջոցառման առնչությամբ։ Չդիմեց այդ երկրի իշխանություններին, որի հետ, ինչպես համոզում են մեզ, Հայաստանը կապված է ամենաջերմ բարեկամությամբ, չխնդրեց թույլ չտալ, որ դա անցկացվի հայերի համար այդչափ նշանակալի վայրում։
Թեև, եթե հաշվի առնենք Երևանում կայացած Եվրանեսթի նստաշրջանում ընդունած հակավրացական փաստաթուղթը և դրա վերաբերյալ պաշտոնական Թբիլիսիի հայտարարությունը, ապա այդ հարաբերություններն, ըստ երևույթին, արդեն այնքան էլ ջերմ չեն։ Մանավանդ որ Արաբատի ԱԳՆ-ը պարզապես անտեսեց վրաց գործընկերների վրդովմունքը։
Ուրեմն ինչո՞ւ պիտի Վրաստանի իշխանություններն արձագանքեին ադրբեջանական միջոցառումը չեղարկելու այդ երկրի քաղաքացի հայերի կոչին, եթե Երևանում բոլորը խորապես թքած ունեն դրա վրա։
ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԱՍՎՈՒՄ Է, ԹԵ ԻԲՐ՝ ՀԱՄԵՐԳԻՆ ՆԵՐԿԱ ԵՆ ԵՂԵԼ «պաշտոնական անձինք, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ» և այլն: Նույնիսկ հաշվի առնելով Բաքվի ԶԼՄ-ների կոպիտ ստախոսության վաղեմի սովորությունը, այնուամենայնիվ մշուշոտ կասկած է առաջանում. մի՞թե Հայաստանի դեսպանը նույնպես եղել է «դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների» թվում:
Որքան էլ սրբապիղծ հնչի նման ենթադրությունը, դրա ապացույցներն առավել քան հիմնավոր են։ Հիշենք Նիկոլի հայտարարություններից ընդամենը մեկը, որն արվել է մի քանի ամիս առաջ՝ հունիսի կեսերին։ Այն է՝ «կորցնելով Արցախը՝ Հայաստանը ինքնիշխանություն ձեռք բերեց»։
Խոսքը տվյալ դեպքում ասվածի անհեթեթության և ծայրահեղ ցինիկության մասին չէ. դրան մեզ արդեն վարժեցրել են։ Խոսքն այն մասին է, որ շատ շուտով, հնարավոր է՝ արդեն հաջորդ տարի, նոյեմբերի 8-ը Հայաստանում նշվելու է որպես «Արցախից ազատման արդյունքում ինքնիշխանության ձեռքբերման օր»։ Եթե, իհարկե, ՔՊ-ին հաջողվի պահպանել իշխանությունը։
Ուրեմն ինչո՞ւ, որպես դրա առաջին քայլ, չապահովեն ՀՀ դեսպանի ներկայությունը Թբիլիսիում Ադրբեջանի դեսպանատան հանդիսավոր միջոցառմանը: Առայժմ՝ գաղտնի, առանց գովազդելու, իսկ հետո արդեն, մեկ էլ տեսար, կդառնա ավանդույթ, և ոչ միայն Վրաստանում։ Ասվել է, չէ՞. «խաղաղությունն արդեն եկել է», և այդ «խաղաղության» սկիզբը դրվել է, Նիկոլի տրամաբանությամբ, հենց 2020 թվականի նոյեմբերի 8-9-ին։
Ուրեմն ի՞նչը պիտի խանգարի:
