Իսրայելական բանակը վերահսկում է Գազայի հատվածի ավելի քան 80%-ը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով պաղեստինյան կիսաէքսկլավի իշխանություններին։
«Օկուպացիոն ուժերը ռազմական ուժի և բնակչության հարկադիր տեղահանության միջոցով վերահսկում են Գազայի հատվածի տարածքի ավելի քան 80 տոկոսը», – ասվում է հաղորդագրության մեջ։
Գազայի հատվածի վարչակազմի տվյալներով՝ պատերազմի 700-րդ օրը զոհերի և անհետ կորածների թիվը գերազանցել է 73,7 հազարը, որոնցից ավելի քան 20 հազար երեխաներ են: Զոհվածների թվում կա բժշկական անձնակազմի 1670 աշխատակից, 248 լրագրող և Գազայի հատվածի քաղաքացիական պաշտպանության ծառայության 139 աշխատակից:
Ռազմական գործողությունների ընթացքում գրեթե ամբողջությամբ ոչնչացվել է ենթակառուցվածքի օբյեկտների 90 տոկոսը` ներառյալ 38 հիվանդանոց, 833 մզկիթ և 163 կրթական հաստատություն: Նախնական գնահատականներով՝ պատճառված վնասը գերազանցում է 68 միլիարդ դոլարը։
Հիշեցնենք` 2023 թ. հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Դրանից հետո պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման գրոհայինները ներխուժեցին սահմանամերձ շրջաններ՝ կրակ բացելով զինվորականների և քաղաքացիական անձանց վրա։ Նրանք պատանդ վերցրին ավելի քան 200 անձանց: Իշխանությունների տվյալներով՝ իսրայելական կողմից այդ ժամանակ զոհվեց մոտ 1,2 հազար մարդ։
Իսրայելի պաշտպանության բանակն ի պատասխան սկսեց «Երկաթե թրեր» գործողությունը և հայտարարեց Գազայի հատվածի ամբողջական շրջափակման մասին. դադարեցվեցին ջրի, էլեկտրականության, վառելիքի, սննդամթերքի և դեղորայքի մատակարարումները:
Sputnik Արմենիա