Логотип

Իսրայելական զորքերը Գազայում բուլդոզերներով թաղում են սնունդ փնտրող պաղեստինցիների մարմինները

Իսրայելական զորքերը Գազայում բուլդոզերներով թաղում են սնունդ փնտրող պաղեստինցիների մարմինները չնշված գերեզմաններում՝ խախտելով միջազգային իրավունքը։ Այս մասին հաղորդել է CNN-ը՝ վկայակոչելով իր սեփական հետաքննությանը։

Հեռուստաալիքը նշել է, որ խոսքը պաղեստինցի խաղաղ բնակիչների մասին է, որոնք սպանվել են մարդասիրական օգնության բաշխման կետեր սնունդ փնտրելու համար հասնելու փորձի ժամանակ։ Մասնավորապես, CNN-ը պնդում է, որ նման չնշված գերեզմանները գտնվում են Գազայի հատվածի «Զիկիմի» անցակետի մոտ, որտեղ մարդասիրական օգնությունը բաշխել է ՄԱԿ-ի Համաշխարհային պարենային ծրագիրը։ Իր հետաքննության մեջ հեռուստաալիքը մեջբերում է լուսանկարներ, տեսանյութեր և արբանյակային պատկերներ, ինչպես նաև վկաների՝ թե՛ պաղեստինցիների, թե՛ նախկին իսրայելցի զինվորների հետ հարցազրույցները։

CNN-ը, հղում անելով իրավաբաններին, նշել է, որ [զոհված պաղեստինցի] մարմինների հետ անփույթ վարվելը՝ դրանք չնշված գերեզմանների մեջ բուլդոզերներով լցնելով, խախտում է միջազգային իրավունքը։ Ըստ միջազգային իրավունքի՝ շարունակել է հեռուստաալիքը, պատերազմող կողմերը պարտավոր են մահացածներին թաղել այնպես, որ թույլ տրվի գտնել զոհվածներին և հաստատել նրանց ինքնությունը։ Սակայն, մարմիններին դիտավորյալ վնաս հասցնելը, որպեսզի դրանք չճանաչվեն, ըստ Ժնևի կոնվենցիաների, կարող է պատերազմական հանցագործություն համարվել։

Իսրայելի պաշտպանության ուժերի (ՑԱԽԱԼ) պաշտոնյաները, ինչպես նշել է CNN-ը, հերքել են բուլդոզերների օգտագործումը պաղեստինցիների մարմինները անանուն գերեզմաններում թաղելու համար։ Նրանք պնդում են, որ «Զիկիմի» տարածքում ծանր շինարարական տեխնիկան օգտագործվել է միայն սովորական գործողությունների, դրանց թվում՝ սպառնալիքները վերացնելու նպատակով։

News.am