Логотип

Իսրայելը հայտարարել է ՄԱԿ-ի յոթ գործակալության հետ համագործակցության դադարեցման մասին

Իսրայելի արտգործնախարար Գիդեոն Սաարը հայտարարել է Իսրայելը Միավորված Ազգերի Կազմակերպության մի քանի գործակալություններից և դրանց հետ կապված կազմակերպություններից դուրս բերելու իր որոշման մասին՝ տարբեր պատճառներով՝ ենթադրյալ հակաիսրայելական կանխակալությունից մինչև «անարդյունավետ բյուրոկրատիա», հաղորդում է Times of Israel-ը։

Իսրայելն անհապաղ դուրս է գալիս մասնավորապես հետևյալ գործակալություններից. Գլխավոր քարտուղարի Երեխաների և զինված հակամարտությունների հարցերով հատուկ ներկայացուցչի գրասենյակ, ՄԱԿ-ի գենդերային հավասարության և կանանց լիազորման մարմին (ՄԱԿ Կանայք), ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողով, ՄԱԿ-ի Արևմտյան Ասիայի տնտեսական և սոցիալական հանձնաժողով, ՄԱԿ-ի քաղաքակրթությունների դաշինք, ՄԱԿ-ի էներգետիկա, Միգրացիայի և զարգացման գլոբալ ֆորում։

Իսրայելի ԱԳՆ-ն հայտարարել է, որ դադարեցնում է համագործակցությունը Գլխավոր քարտուղարի Երեխաների և զինված հակամարտությունների հարցերով հատուկ ներկայացուցչի գրասենյակի հետ, այն բանից հետո, երբ գործակալությունն իր տարեկան զեկույցում զինված հակամարտություններում երեխաների վերաբերյալ սև ցուցակում ՀԱՄԱՍ-ի և Պաղեստինի իսլամական ջիհադի հետ համատեղ ներառեց Իսրայելի բանակը (ՑԱԽԱԼ)։

Նույն կերպ, Սաարն Իսրայելը հեռացրել է ՄԱԿ-ի կանանց կազմակերպությունից, քանի որ այն «դիտավորյալ անտեսել է իսրայելցի կանանց նկատմամբ 2023 թվականի հոկտեմբերի 7-ին կատարված սեռական բռնության բոլոր դեպքերը»։

Հայտարարության մեջ ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման գործակալությունից և ՄԱԿ-ի Արևմտյան Ասիայի տնտեսական և սոցիալական հանձնաժողովից դուրս գալու պատճառ են նշվել «հակաիսրայելական չարամիտ ուղերձները», ինչպես նաև ասվում է, որ Քաղաքակրթությունների դաշինքն «օգտագործվել է որպես հարթակ Իսրայելին հարձակվելու համար»։ Վերջապես, Իսրայելը ՄԱԿ-ի Էներգետիկ կազմակերպությանը մեղադրում է «անօգուտ կազմակերպություն» լինելու մեջ, որն արտացոլում է «ՄԱԿ-ի չափազանց և անարդյունավետ բյուրոկրատիան»։

Նշվում է նաև, որ Միգրացիայի և զարգացման գլոբալ ֆորումը «խաթարում է ինքնիշխան պետությունների՝ սեփական ներգաղթի օրենքները կիրառելու կարողությունը»։

Նախարարությունը հավելել է, որ կշարունակի ուսումնասիրել Իսրայելի կապերը ՄԱԿ-ի այլ գործակալությունների հետ։

News.am