Логотип

Իսրայելի հետ պատերազմի ընթացքում ԱԹՍ-ներն Իրան են ներթափանցել հարևան մի շարք երկրներից

Իրանի սահմանապահ ոստիկանության հրամանատար, գեներալ Ահմադ Ալի Գուդարզին հայտնել է, որ Իսրայելի հետ 12-օրյա զինված հակամարտության ժամանակ երկրի օդային տարածք են ներթափանցել հարևան որոշ պետությունների տարածքներից արձակված անօդաչու թռչող սարքեր: Այս մասին հայտնում է Mehr գործակալությունը։

«Սիոնիստական ռեժիմի կողմից սանձազերծված 12-օրյա պատերազմի ընթացքում որոշ երկրներից Իրանի տարածք են ներթափանցել անօդաչու թռչող սարքեր և կվադրոկոպտեր։ Մենք փաստագրել ենք այդ դեպքերը և տեղեկատվությունը փոխանցել համապատասխան մարմիններին», – հայտարարել է Գուդարզին։

Նրա խոսքով՝ հակամարտության ընթացքում իրանցի սահմանապահները հարևան երկրներից մեկի տարածքում արձանագրել են երեք միկրոավտոբուսների առկայություն, որոնցից գործարկվել են անօդաչու և փոքր թռչող սարքեր: Այդ երկրի իշխանություններին ծանուցելուց հետո տեղի ուժայինները միջոցներ են ձեռնարկել. բախման արդյունքում երեք օպերատոր է ոչնչացվել, մյուսները ձերբակալվել են: Գեներալը չի մանրամասնել, թե որ պետության մասին է խոսքը, սակայն շնորհակալություն է հայտնել Իրաքի ժողովրդին՝ ընդգծելով, որ Իրաքյան Քրդստանի հետ Իրանը փոխըմբռնման հուշագիր ունի, և «կողմերի միջև խնդիրներ չկան»:

Բացի այդ, Գուդարզին հայտնել է, որ առաջիկա շաբաթներին Պարսից ծոցում լայնածավալ զորավարժություններ կանցկացվեն, որոնց նպատակը կլինի մարտական պատրաստության բարձրացումը և սահմանապահ ստորաբաժանումների օպերատիվ կարողությունների ամրապնդումը:

Ավելի վաղ Իրանի իշխանությունները բազմիցս հայտարարել էին, որ երկրի տարածք ներխուժած անօդաչու թռչող սարքերի մի մասը կարող էր արձակվել Ադրբեջանի տարածքից:

Sputnik Արմենիա