Логотип

Իրականությանը չի համապատասխանում․ Ֆիննախը՝ ArCa քարտային գործարքների տվյալների փոխանցման մասին

ՀՀ ֆինանսների նախարարությունը «իրականությանը չհամապատասխանող» է անվանել ArCa քարտապանների գործարքների մասին տեղեկությունը նախարարությանը փոխանցելու մասին լուրերը։

 «ArCa վճարային համակարգի միջոցով անկանխիկ վճարումների իրականացման դեպքում գործող 2% հետվճարի միջոցառման շրջանակում «Արմենիան Քարդ» ՓԲԸ-ն ՀՀ ֆինանսների նախարարությանը չի փոխանցելու և չի տրամադրելու քաղաքացիների իրականացրած գործարքների վերաբերյալ անձնական տվյալներ կամ բանկային գաղտնիք հանդիսացող որևէ տեղեկություն»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Կառավարության որոշմամբ՝ հունվարի 1-ից ArCa համակարգով անկանխիկ կատարված գործարքներից նախատեսվում է 2%-ի չափով հետվճար տրամադրել։

Փաստաբան Ռոբերտ Հայրապետյանն զգուշացրել էր ArCa վճարային համակարգի միջոցով անկանխիկ եղանակով վճարում կատարելու դեպքում հետվճար ստանալու գործընթացի հետ կապված ռիսկերի մասին։ Փաստաբանը շեշտել էր, որ գերակշիռ մեծամասնության համար հետվճարը կազմելու է 2000-3000 դրամ, սակայն դրա դիմաց ստանալու են լրջագույն ռիսկեր, և խախտվում է բանկային գաղտնիքը։

Armenia Today