«BBC-ի սյուժեն ոչ միայն սուտ է, այլև արտասահմանյան հատուկ ծառայությունների ծրագրած էժան սադրանք և հետապնդում է երկու նպատակ»,- ըստ վրացական Առաջին ալիքի՝ այսօրվա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
Ըստ վարչապետի՝ Վրաստանի չարակամները ցանկանում են պատրվակ ստեղծել՝ վրաց ժողովրդին և նրա ընտրված կառավարությանը շարունակաբար շանտաժի ենթարկելու համար։
«Հարցը դրամատիկացնելու համար BBC-ն կեղծ տեղեկատվություն տարածեց այն մասին, թե Ներքին գործերի նախարարությունը հանրահավաքները ցրելու համար Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ արգելված «քամիթ» նյութ է կիրառել։ Վրաստանի Ներքին գործերի նախարարն արդեն հրապարակավ հաստատել է, որ հանրահավաքները ցրելու համար նման նյութ չի կիրառվել, և որ Ներքին գործերի նախարարությունը երբեք այն չի ձեռք բերել, այդ թվում՝ Ազգային շարժման ժամանակ։
BBC-ի տարածած տեղեկության հիման վրա՝ Պետական անվտանգության ծառայությունը հետաքննություն է սկսել, և հանրությունը հնարավորինս շուտ կտեղեկացվի։ Ակնհայտ է, որ BBC-ի սյուժեն ոչ միայն սուտ է, այլև արտասահմանյան հատուկ ծառայությունների ծրագրած էժան սադրանք, որը ծառայում է երկու նպատակի։ Առաջինը՝ մեր երկրի քննադատներին պատրվակ տալն է՝ արհեստականորեն բորբոքելու մարող բողոքի տրամադրությունը։ Երկրորդը՝ պատրվակ ստեղծել վրաց ժողովրդի և նրա ընտրված իշխանությունների նկատմամբ շարունակական շանտաժի համար։ Այդ սյուժեն բացարձակապես անպետք է այս երկու նպատակներին հասնելու համար», – հայտարարելէ Կոբախիձեն։
Իրակլի Կոբախիձեն նշել է, որ «մոտենում են ԵԱՀԿ նախարարական նիստը և Եվրոպական հանձնաժողովի հաջորդ նիստը, և իրենց փաստաթղթերում ոչ պաշտոնական առաջնորդները կփորձեն մեջբերել BBC-ի տարածած կեղծ տեղեկությունը»։
«Այդ առումով պատասխանատու են կոնկրետ քաղաքական գործիչներ, նրանց թվում՝ խորհրդարանի անդամներ։ Եվրոպական խորհրդարանն արդեն հիմք է դնում իր սովորական կեղծ պնդումներով։ Այդ արշավը հիշեցնում է եվրոպական բյուրոկրատիայի և միջազգային լրատվամիջոցների վարած արշավը՝ հիմնված Միխեիլ Սահակաշվիլիի ենթադրյալ թունավորման մասին ստի վրա։ Այդ արշավի շրջանակում Վրաստանի արդարադատության նախարարն ընդունել է ԵՄ 27 դեսպանների պաշտոնական հայտարարությունը։ Այժմ բոլորին հայտնի է, որ այդ արշավը, ինչպես BBC-ի սյուժեն, կառուցվել է կեղծիքի վրա։ Սակայն, այս կեղծիքներից հետո ո՛չ եվրոպական բյուրոկրատիան, ո՛չ էլ համապատասխան լրատվամիջոցները պատասխանատվություն չեն կրել այդ ամոթալի արշավի համար։ Մեզ համար կարևոր է, որ BBC-ի տարածած կեղծ տեղեկությունը անպատասխան չմնա։ Հետևաբար, ինչպես արդեն հայտնի է, հետաքննությանը զուգահեռ մենք նախատեսում ենք դիմել ինչպես Մեծ Բրիտանիայի հաղորդակցությունների հանձնաժողովին, այնպես էլ, անհրաժեշտության դեպքում, միջազգային արդարադատությանը, որպեսզի BBC-ն պատշաճ կերպով պատժվի, և հատուկ ծառայությունների ղեկավարությամբ տարածվող կեղծ տեղեկությունը հերքվի»,- հայտարարել է Վրաստանի վարչապետը։
News.am
