Логотип

Իրանագետ․ Իրանահայերին աջակցելու համար ստեղծվում են շտաբներ

Ինչպես 12-օրյա պատերազմի ժամանակ, այնպես էլ հիմա Հայաստանյայց առաքելական եկեղեցու Իրանի թեմի առաջնորդարանում և իրանական խորհրդարանի հայ պատգամավորների գրասենյակներում ստեղծվում են հատուկ շտաբներ՝ իրանահայերին անհրաժեշտ օգնություն կազմակերպելու և այն համակարգելու համար։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց իրանագետ Տիգրան Դավուդյանը։

«Այդ շտաբները տեղեկություններ են փոխանակում Իրանում ռմբակոծություններից տուժած հայերի վերաբերյալ։ Առայժմ որևէ տուժած հայի մասին տեղեկատվություն չկա»,- նշեց Դավուդյանը։

Հարցին՝ կարո՞ղ է գերագույն հոգևոր առաջնորդի մահը պառակտել երկիրը, իրանագետի պատասխանեց՝ Իրանն անձերից կախված երկիր չէ, քանի որ այն գաղափարախոսության վրա է կառուցված։

«Իսլամիստ շիա դավանանքի, գաղափարախոսության վրա հիմնված պետությունը ոչ մի ձևով դեմքերից կախվածություն չունի․․․ Նախագահներ, նախարարներ, հրամանատարներ զոհվում են, արագ-արագ փոխարինում են»,- նշեց Դավուդյանը։

Թեպետ հոգեբանական ազդեցություն, իհարկե, կա, այսօր էլ մի մասն, օրինակ, ուրախանում է Խամենեինի զոհվելու համար, մյուսները սգում են, բայց այդ ամենի հետևանքով ինստիտուտները չեն փլուզվում։ Միաժամանակ, իրանագետը նշում է, որ երկրում շատերը փոփոխություններ ու սահուն սերնդափոխություն են ուզում։