Իրանական ռազմածովային ուժերի նավերը և անձնակազմը մտել են Ադրբեջանի տարածքային ջրեր և ժամանել հանդիպման վայր՝ մասնակցելու Ադրբեջանում անցկացվելիք «AZIREX − 2025» համատեղ որոնողական-փրկարարական զորավարժություններին, հայտնել են Ադրբեջանի պաշտպանության նախարարությունից։
Տեղի է ունեցել նավերի պաշտոնական դիմավորման արարողություն։ Միջոցառմանը մասնակցել են Ադրբեջանի ռազմածովային ուժերի հրամանատարությունը և այլ պաշտոնյաներ։
Այնուհետև Ադրբեջանի ռազմածովային ուժերի հրամանատարը հանդիպել է Իրանի ռազմածովային ուժերի պատվիրակության հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության ընդլայնման և «AZIREX-2025»համատեղ որոնողական-փրկարարական զորավարժությունների կազմակերպման հարցերը։
Միջոցառման շրջանակում ներկայացվել են զորավարժությունների վերաբերյալ համառոտ տեղեկություններ, պատասխանել՝ հետաքրքրող հարցերին։
Համատեղ զորավարժությունների հիմնական նպատակն է ապահովել անվտանգությունը Կասպից ծովում և որոնողական-փրկարարական գործողությունների ընթացքում ամրապնդել համագործակցությունն ու համակարգումը։
News.am