Логотип

Իրանական Չաբահար նավահանգիստը ևս 6 ամսով զերծ կմնա ԱՄՆ-ի պատժամիջոցներից

ԱՄՆ–ն Հնդկաստանին վեց ամսով ազատել է պատժամիջոցներից Օմանի ծոցում իրանական Չաբահար նավահանգստով գործողություններ իրականացնելու համար։ Այս մասին, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Հնդկաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ռանդհիր Ջայսվալը։

«Ինչ վերաբերում է Չաբահարի նկատմամբ պատժամիջոցների վերացման մասին ձեր հարցին, այո, կարող եմ հաստատել, որ մեզ վեց ամսով ազատել են պատժամիջոցներից, որոնք գործում էին Չաբահարի նկատմամբ», – հայտարարել է նա։

Անցյալ տարվա մայիսին Հնդկաստանը Իրանի հետ 10-ամյա պայմանագիր է ստորագրել Չաբահար նավահանգստի շահագործման վերաբերյալ։ Երկարաժամկետ պայմանագիրը կնքվել էր Indian Ports Global Limited-ի և Իրանի նավահանգիստների և ծովային նավագնացության կազմակերպության միջև։ Համաձայնագրի պայմանների համաձայն՝ Indian Ports Global Limited-ը մոտ 120 մլն դոլար է ներդրել նավահանգստի վերազինման համար։ Հնդկաստանը նաև 250 մլն դոլարի վարկ է առաջարկել նավահանգստին առնչվող ենթակառուցվածքների բարելավմանն ուղղված նախագծերի համար։

Չաբահարի նավահանգիստը Հնդկաստանի տարածաշրջանային ավելի ընդարձակ առևտրային և մարդասիրական օրակարգի կարևորագույն բաղադրիչ է։ Ծրագրեր են մշակվում Չաբահարը «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքին միացնելու և այն Կենտրոնական Ասիայի պետությունների հետ առևտրի համար օգտագործելու վերաբերյալ։

Sputnik Արմենիա