Իրանը ենթադրում է, որ Թուրքիայի կողմից որսված հրթիռների արձակումն իրականացվել է երրորդ անձանց կողմից: Այս մասին հայտարարել Է Անկարայում Իրանի դեսպան Մոհամմեդ Հասան Հաբիբուլլահզադը։
Ավելի վաղ Թուրքիայի ՊՆ-ն հայտնել էր, որ ՆԱՏՕ-ի ՀՕՊ ուժերը որսացել են Իրանից արձակված բալիստիկ հրթիռը. սա արդեն երրորդ դեպքն է հակամարտության սրումից ի վեր:
«Մեզ համար դա նույնպես առեղծված է մնում. ինչպես է դա հնարավոր։ Մեր կարծիքով, դա կարող էին անել երրորդ անձինք» – դիվանագետի խոսքը մեջբերում է Yeni Safak թերթը։
Մարտի 9-ին Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ ՆԱՏՕ-ի ՀՕՊ ուժերը խոցել են Իրանից արձակված բալիստիկ հրթիռ. ՀՕՊ-ի աշխատանքի հետևանքով ոչ ոք չի տուժել: Մարտի 4-ին նմանատիպ միջադեպ էր տեղի ունեցել Հաթայ նահանգի երկնքում: Մարտի 10-ի գիշերը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցի ընթացքում Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ Թեհրանը պատրաստ է Անկարայի հետ համատեղ հանձնաժողով ստեղծել ՝ Թուրքիայի ուղղությամբ Իրանի ենթադրյալ հրթիռային հարձակումները հետաքննելու համար։
Sputnik Արմենիա
