Логотип

Իրանը թույլատրել է մի քանի երկրների նավերի անցումը Հորմուզի նեղուցով

Իրանը թույլատրել է մի քանի երկրների նավերի անցումը Հորմուզի նեղուցով, Ֆրանսպրես գործակալությանը տված հարցազրույցում հայտնել է Իրանի փոխարտգործնախարար Մաջիդ Թախտ-Ռավանչին։

Միաժամանակ նա հերքել է այն տեղեկությունները, ըստ որոնց Իրանն ականապատում է այնտեղ, քանի որ ջրային ճանապարհը գործնականում փակ է մնում ԱՄՆ-ի և Իսրայելի հետ պատերազմի ընթացքում։

«Որոշ երկրներ մեզ հետ արդեն քննարկել են նեղուցով անցման հարցը, և մենք համագործակցել ենք նրանց հետ։ Ինչ վերաբերում է Իրանին, կարծում ենք, որ ագրեսիային միացած երկրները չպետք է օգտվեն Հորմուզի նեղուցով անվտանգ անցումից»,- ասել է Իրանի փոխարտգործնախարարը։

Թախտ-Ռավանչին հավելել է, որ Իրանը նեղուցը չի ականապատում։

Նա նշել է նաև, որ Իրանը ցանկանում է վստահ լինել, որ ապագայում պատերազմ չի պարտադրվի իրեն։

«Մենք ուզում ենք համոզվել, որ Իրանին կրկին պատերազմ չի պարտադրվի։ Երբ պատերազմը սկսվեց անցյալ տարվա հունիսին, 12 օր անց տեղի ունեցավ այսպես կոչված ռազմական գործողությունների դադարեցում… բայց ութ կամ ինը ամիս անց նրանք վերախմբավորվեցին և կրկին դա արեցին»,- ասել է Իրանի փոխարտգործնախարարը։

News.am