Логотип

Իրանը խստացնում է նավագնացության պայմանները Հորմուզի նեղուցում

Իրանի զինված ուժերը հայտարարել են Հորմուզի նեղուցով նավերի անցման նոր պայմանների և հնարավոր սահմանափակումների մասին։

Իրանի զինված ուժերի «Խաթամ ալ-Անբիա» կենտրոնական շտաբի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Պարսից և Օմանի ծոցերի նավահանգիստների անվտանգությունը փոխկապակցված է։ Իրանական կողմի պնդմամբ՝ տարածաշրջանային ենթակառուցվածքների և նավագնացության պաշտպանվածությունը պետք է կրի համընդհանուր բնույթ, այլապես որևէ նավահանգիստ անվտանգության երաշխիքներ չի ունենա։

Թեհրանը նաև հստակեցրել է Հորմուզի նեղուցով ջրային տրանսպորտի տեղաշարժի սկզբունքները։ Ըստ հրապարակված դիրքորոշման՝ «հակառակորդ կողմերի» հետ առնչություն ունեցող նավերի մուտքն ու տարանցումը նեղուցով արգելված է և չի թույլատրվելու նաև հետագայում։ Սա դիտարկվում է որպես ռազմավարական ջրային ուղու վերահսկողության խստացմանն ուղղված հերթական քայլ։

Այլ պետությունների պատկանող նավերի համար անցումը կմնա բաց, սակայն որոշակի վերապահումներով։ Նրանց տեղաշարժը հնարավոր կլինի բացառապես Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի կողմից սահմանված կանոնների և ընթացակարգերի խիստ պահպանման պարագայում։

AuroraNews.am