Իրանը երբեք ծնկի չի գա ագրեսորի առաջ։ Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում:
Դրա հետ մեկտեղ նա կրկնել է ավելի վաղ արված հայտարարություններն այն մասին, որ Թեհրանը երբեք միջուկային զենք ստանալու նպատակ չի դրել: Այս համատեքստում Փեզեշքիանն անօրինական է համարել հանրապետության դեմ միջազգային պատժամիջոցները վերսկսելու մասին «եվրաեռյակի» որոշումը:
Իրանի նախագահի խոսքով՝ Իսլամական Հանրապետության դեմ վերջին ագրեսիան հարված էր Մերձավոր Արևելքի կայունությանը: Իսրայելի և ԱՄՆ-ի հարվածներն Իրանին մեծապես խաթարել են տարածաշրջանում անվտանգության ապահովմանն ուղղված ջանքերը։ Անվտանգությունն ապահովվում է ոչ թե ուժով, այլ փոխադարձ հարգանքով. երկրները պետք է լսեն միմյանց։
Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան (եվրաեռյակը) օգոստոսի 28-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին տեղեկացրել էին Իրանի դեմ միջազգային պատժամիջոցների վերականգնման մեխանիզմի գործարկման մասին, որը չեղարկվել էր 2015 թվականի միջուկային գործարքով:
Այնուհետև ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը սեպտեմբերի 19-ին մերժեց Իրանի նկատմամբ պատժամիջոցները չվերսկսելու մասին բանաձևի նախագիծը, ինչը նշանակում է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի սահմանափակումները կվերականգնվեն: Սպասվում է, որ դա տեղի կունենա սեպտեմբերի 27-ից հետո:
Sputnik Արմենիա