Իրանի «Բուշեր» ատոմային էլեկտրակայանի (ԱԷԿ) երկրորդ և երրորդ էներգաբլոկները կարող են շահագործման հանձնվել արդեն 2027-2028 թվականներին: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է Իրանի էներգետիկայի փոխնախարար Մոսթաֆա Ռաջաբի-Մաշհադին։
«Մենք արդեն ունենք առաջին էներգաբլոկը, դա 1000 մեգավատտ հզորությամբ ատոմակայան է։ Երկրորդ և երրորդ էներգաբլոկները նույնպես կառուցում է ռուսական ընկերությունը։ Փաստացի մենք կկարողանանք դրանք շահագործման հանձնել 2027-2028 թվականներին, և իրանական ատոմակայանների ընդհանուր հզորությունը կհասնի 3000 մեգավատտ էներգիայի»,-ասել է նա։
Փոխնախարարը հավելել է, որ բանակցություններ են ընթանում փոքր մոդուլային ատոմակայանի կառուցման նախագծին հավանություն տալու վերաբերյալ:
Նա հստակեցրել է, որ ԱԷԿ-ի կառուցման նախագծերը վերահսկում է Իրանի ատոմային էներգիայի կազմակերպությունը (ԻԱԷԿ), որը գործում է էներգետիկայի նախարարությունից անկախ: Նրա խոսքով՝ ԻԱԷԿ-ը պետք է մի քանի ատոմակայան կառուցի Իրանի հարավում՝ առնվազն 5 հազար մեգավատտ գումարային հզորությամբ։ Փոխնախարարն ընդգծել է, որ դա կարող է տեղի ունենալ ամենամոտ ապագայում։
Սեպտեմբերի վերջին Իրանն ու Ռուսաստանը համաձայնագիր են ստորագրել Իրանի Հարավային Հորմոզգան նահանգում իրանական նոր «Հորմոզ» ԱԷԿ-ի համար 25 միլիարդ դոլար արժողությամբ չորս էներգաբլոկ կառուցելու մասին:
Բացի այդ, Ռուսաստանն ու Իրանը սեպտեմբերի վերջին փոխըմբռնման հուշագիր են ստորագրել Իրանում փոքր հզորության ԱԷԿ-ի կառուցման հարցում համագործակցության վերաբերյալ:
Իրանում գործում է միայն մեկ ատոմակայան Բուշերում, որը կառուցվում է ռուսական կողմի աջակցությամբ։ ՌԴ-ի մասնակցությամբ կառուցված ատոմակայանի առաջին բլոկը Իրանի ազգային էներգահամակարգին միացվել է 2011 թվականի սեպտեմբերին:
Sputnik Արմենիա