Логотип

Իրանը հայտնել է 10 ուժայինների սպանած ահաբեկիչների գերեվարման մասին. նրանք վերապատրաստվել են Պակիստանում

Իրանի անվտանգության ուժերը բարդ և վճռական գործողության ընթացքում Իրանի արևելքում գտնվող իրենց թաքստոցում ձերբակալել են այսպես կոչված «Ջայշ ալ-Ադլ» խմբավորման ահաբեկչական «բջիջը», հաղորդում է Mehr-ը։

Ըստ անվտանգության աղբյուրների՝ այդ ահաբեկչական խմբի անդամները դարանակալել են ոստիկանության երկու պարեկային խմբի Աբան 1403 թվականին (հոկտեմբեր–նոյեմբեր 2024 թ.), երբ նրանք վերադառնում էին տեղի բնակիչների խնդրանքով կատարած առաջադրանքից, հետո նրանք հարձակում են իրականացրել, որի հետևանքով Թաֆթան շրջանում զոհվել է տասը ոստիկան և զինվոր։

Խմբավորման գերեվարված անդամներից մեկը խոստովանել է, որ իրենք տասը օրվա ընթացքում մարզվել են Պակիստանում գտնվող «Ջեյշ ալ-Ադլի» բազայում։

Իրան վերադառնալուն պես ահաբեկչական խմբավորումը նրանց տրամադրել է մի քանի Կալաշնիկովի ինքնաձիգ և բջջային հեռախոս, որի միջոցով «Հոսեյն» անունով կապավորը հանդես է եկել որպես կազմակերպության և խմբի միջև կապող օղակ։

Իրանի անվտանգության ուժերն ընդգծել են, որ ահաբեկչական խմբավորումների դեմ գործողությունները կշարունակվեն՝ տարածաշրջանում անվտանգություն և կայունություն ապահովելու համար։

News.am