Իրանը ՄԱԿ–ին պաշտոնապես տեղեկացրել է, որ միջուկային գործարքի մասին բանաձևն ուժը կորցրել է։ Տեղեկությունը հայտնում են իրանական լրատվամիջոցները։
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հոկտեմբերի 18-ին նամակ է ուղարկել, որում հաստատել Է Թեհրանի դիրքորոշումն առ այն, որ 2231 բանաձևը վերջնականապես կորցրել է իր ուժը և դադարել է գործել։
Նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Իրանը բարեխղճորեն և իր պարտավորություններին խիստ համապատասխան ընդունել ու ամբողջությամբ կատարել Է Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը (ԳՀՀԾ):
«Չնայած Իրանի կողմից պարտավորությունների լիարժեք կատարմանը` Ամերիկայի Միացյալ Նահանգները, գործելով իր պարտավորությունների ակնհայտ խախտմամբ, սկզբում չկատարեց դրանք, իսկ այնուհետև 2018 թվականի մայիսի 8-ին միակողմանիորեն դուրս եկավ համաձայնագրից՝ կրկին սահմանելով և ընդլայնելով իր անօրինական միակողմանի և արտատարածքային պատժամիջոցները», – նշել է նախարարը:
Նրա խոսքով՝ այդ միջոցները միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի կանոնադրության լուրջ խախտում էին և լրջորեն խոչընդոտում էին ԳՀՀԾ-ի իրականացումը:
Արաղչին ընդգծել է` եվրոպական մասնակիցները, մասնավորապես Ֆրանսիան, Գերմանիան և Մեծ Բրիտանիան, որոնք ի սկզբանե պարտավորվել էին հետևել համաձայնագրին և փոխհատուցել ԱՄՆ-ի դուրս գալը, ոչ միայն չեն կատարել իրենց պարտավորությունները, այլև լրացուցիչ անօրինական պատժամիջոցներ են սահմանել Իրանի քաղաքացիների և կազմակերպությունների նկատմամբ՝ ԳՀՀԾ-ի նոր էական խախտումներ անելով:
«Չնայած դրան` Իրանը ցուցաբերել է առավելագույն զսպվածություն և լայնածավալ դիվանագիտական ջանքեր է գործադրել հավասարակշռությունը վերականգնելու և համաձայնագիրը պահպանելու համար»,– հավելել է նախարարը:
Նամակում նշվում է, որ Իրանի կառուցողական փոխգործակցությունը, ներառյալ եվրոպացի մասնակիցների հետ խորհրդակցությունների բազմաթիվ փուլերը և նույնիսկ ամերիկյան կողմի հետ բանակցությունները, ցույց է տալիս Թեհրանի հետևողական հավատարմությունը դիվանագիտությանը:
Սակայն այդ ջանքերը, նրա խոսքով, բախվել են սաբոտաժի և երաշխիքների տակ գտնվող Իրանի խաղաղ միջուկային օբյեկտների դեմ ագրեսիայի։
«Եվրոպական երեք պետությունները իրենց պարտականությունները կատարելու փոխարեն քաղաքական մանիպուլյացիաների և իրավական նորմերի խեղաթյուրման արշավ են ծավալել։ Օգոստոսի 28-ին եվրոպական երեք մասնակից պետությունները, առանց որևէ օրինական, իրավական և դատավարական հիմքերի կամ քաղաքական արդարացման, միակողմանի և կամայական փորձ են ձեռնարկել գործի դնելու այսպես կոչված «հրաժարվելու» մեխանիզմը՝ շրջանցելով ԳՀՀԾ–ով սահմանված վեճերի լուծման ընթացակարգը և ուղղակիորեն դիմելով Անվտանգության խորհրդին։ ԱԽ երկու քվեարկությունները, որոնք տեղի ունեցան 2025 թվականի սեպտեմբերի 19–ին և 26–ին, միանշանակ ցույց տվեցին խորհրդի անդամների շրջանում կոնսենսուսի բացակայությունը այս ենթադրյալ ծանուցման վավերականության վերաբերյալ», – ասվում է հրապարակման մեջ։
Արաղչին հավելել է` ինչպես 2020 թվականին, երբ խորհուրդը հաստատեց, որ ԱՄՆ-ն դրանից դուրս գալուց հետո այդ մեխանիզմը գործարկելու իրավասություն չունի, եվրոպական ծանուցումը նույնպես զուրկ է իրավական հիմքից և իրավական ուժից: Այն չի կարող հիմք ծառայել 2231 բանաձևի կարգավիճակի կամ պատժամիջոցների մասին նախկինում չեղարկված բանաձևերի վերաբերյալ որևէ գործողությունների կամ որոշումների համար։
Իրանի արտգործնախարարն ընդգծել է, որ «ծանուցումը» վկայակոչելու փորձն ըստ էության անվավեր է, 2231 բանաձևին հակառակ ընդունված ոչ մի միջոց չի կարող անդամ պետությունների համար իրավական պարտավորություններ առաջացնել:
Sputnik Արմենիա