Логотип

Իրանը ՅՈՒՆԵՍԿՕ-ից պահանջել է պաշտպանել իր մշակութային օբյեկտները

Իրանի մշակութային ժառանգության, զբոսաշրջության և արհեստների նախարար Ռեզա Սալեհի-Ամիրին շտապ պաշտոնական նամակ է հղել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենին։

Ինչպես հայտնում է ԻՌՆԱ գործակալությունը, Թեհրանը նամակում խորը մտահոգություն է հայտնում «մանկասպան վարչակարգի» և երկրի երկաթուղային ցանցին հարվածներ հասցնելու վերաբերյալ ԱՄՆ-ի սպառնալիքների կապակցությամբ, քանի որ այն պաշտոնապես ճանաչված է որպես Համաշխարհային ժառանգության օբյեկտ։

Իր ուղերձում նախարարն ընդգծել է, որ Տրանսիրանական մայրուղու նկատմամբ ցանկացած հարձակում բացահայտ ագրեսիա է մարդկության ընդհանուր մշակութային և ինժեներական ժառանգության դեմ։ Իրանը միջազգային հանրությանը կոչ է արել անհապաղ և զսպող գործողություններ ձեռնարկել։

«Տրանսիրանական երկաթուղին պարզապես տրանսպորտային օբյեկտ չէ, այն ճարտարապետական և ինժեներական մտքի բացառիկ գլուխգործոց է՝ ստեղծված իրանցի և եվրոպացի մասնագետների տասնամյակների համատեղ աշխատանքի արդյունքում»,- ասված է իրանցի նախարարի նամակում։

Սալեհի-Ամիրին ՅՈՒՆԵՍԿՕ-ին հիշեցրել է օբյեկտի կարգավիճակը հաստատող անվիճելի փաստերի մասին.

2021 թվականին Չինաստանում կայացած Համաշխարհային ժառանգության կոմիտեի 44-րդ նստաշրջանում երկաթուղին ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում՝ մասնակից երկրների լիակատար համաձայնությամբ։

ԻՌՆԱ-ի փոխանցմամբ՝ մայրուղին հյուսիսում գտնվող Կասպից ծովը կապում է հարավում գտնվող Պարսից ծոցի հետ՝ անցնելով բարդ լեռնաշղթաների և լանդշաֆտների միջով, ինչն այն դարձնում է Արևմտյան Ասիայի ժամանակակից ճարտարագիտության եզակի օրինակ։

Օբյեկտն իրանական ավանդույթների և այդ ժամանակաշրջանի արևմտյան տեխնոլոգիաների համադրության արդյունք է։

News.am