Логотип

Իրանը օդային տարածքը տեղափոխում է բարձր պատրաստվածության ռեժիմի

Իրանն օդային տարածքը տեղափոխում է բարձր պատրաստվածության ռեժիմի, հայտնում է «Дневник иранского журналиста» Telegram ալիքը:

«Արտաքին ճնշումների, ԱՄՆ-ի կողմից հնչող սպառնալիքների և երկրի ներսում իրավիճակն ապակայունացնելու փորձերի ֆոնին Իրանը սկսել է պաշտպանական ենթակառուցվածքների փուլային նախապատրաստումը։

Վերջին օրերին հրապարակվել են մի քանի NOTAM-ներ (ծանուցումներ օդաչուների համար)։ Օդային տարածքի մի մասը ժամանակավորապես փակ է, իսկ մնացած շրջանները փոխադրվել են սահմանափակ ռազմական օգտագործման ռեժիմի։ Այս միջոցառումները մատնանշում են հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) համակարգի ուժեղացումը ռազմավարական կարևորագույն օբյեկտների վրա, ներառյալ հրթիռային և միջուկային ենթակառուցվածքների հետ կապված տարածքները, ինչպես նաև երկրի հյուսիսային և արևմտյան սահմանները»,- նշում է ալիքը։

Միաժամանակ, ողջ երկրում մտցվել են ինտերնետային կապի սահմանափակումներ, արձանագրվում է GPS և նավիգացիոն ազդանշանների ճնշում։ Տեխնիկական տեսանկյունից նման քայլերն ուղղված են թշնամու հետախուզության, անօդաչու թռչող սարքերի և թիրախավորման միջոցների առջև խոցելիությունը նվազեցնելուն, ընդգծում է աղբյուրը։

«Այս ամենի ֆոնին ԱՄՆ ռազմաօդային ուժերի ակտիվության աճ է նկատվում Պարսից ծոցի ջրային տարածքում։ Նաև շրջանառվում են չհաստատված տեղեկություններ Իսրայելից օտարերկրյա դիվանագետների ընտանիքների տարհանման մասին, ինչը կարող է վկայել տարածաշրջանում տագնապալի սպասումների աճի մասին։

Այս գործոնների համընկնումը մատնանշում է ռազմական լարվածության մակարդակի բարձրացումը և հնարավոր էսկալացիայի վերաբերյալ կողմերի պատրաստվածությունը։ Իրանն իր հերթին ցույց է տալիս, որ վերահսկում է իրավիճակը և նախապես միջոցներ է ձեռնարկում սեփական ինքնիշխանության և անվտանգության պաշտպանության համար»,- հայտնում է ալիքը։

News.am