Իրանի տարածքում խոցված F-15E կործանիչի օդաչուներին փրկելու գործողության ընթացքում ԱՄՆ հավանաբար նպատակ է ունեցել գողանալ Սպահանում գտնվող իրանական հարստացված ուրանը։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության ԱԳՆ ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։
«Իրանի օդային տարածքը խախտած ամերիկյան գործողության շուրջ հարցերն ու անորոշությունը դեռ պահպանվում են։ Որպես օդաչուի ենթադրյալ թաքստոց նշվել են Քոհգիլուե և Բոյերահմեդ նահանգները։ Սակայն Սպահանի հարավում գտնվող այն կետը, որտեղ վայրէջք են կատարել ամերիկյան թռչող սարքերը, բավական հեռու է եղել այդ վայրից։ Ուստի հավանական է, որ գործողությունը պարզապես շեղող մանևր է եղել՝ իրանական ուրանը հափշտակելու համար», — Իրանի պետական հեռուստառադիոընկերությունը մեջբերում է խոսնակի խոսքը։
Ավելի վաղ ամերիկյան NBC News հեռուստաալիքը հայտնել էր, որ Իրանի տարածքում խոցված F-15E կործանիչի անձնակազմի երկրորդ անդամի փրկությունը հնարավոր է դարձել մեծ մասամբ ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության կողմից սկսված ապատեղեկատվական արշավի շնորհիվ։
News.am
