Логотип

Իրանի ԱԳՆ ղեկավարը բացառել է ԱՄՆ-ի կամ Իսրայելի կողմից հարձակման հավանականությունը

Իրանի ԱԳՆ ղեկավար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ բացառում է Միացյալ Նահանգների կամ Իսրայելի կողմից Իսլամական Հանրապետության վրա կրկնակի հարձակման հավանականությունը։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն արդեն մի քանի անգամ սպառնացել է Իրանին հզոր հարված հասցնել անկարգությունների ժամանակ ցուցարարների զոհվելու դեպքում։

«Ես բացառում եմ ԱՄՆ-ի կամ Իսրայելի կողմից կրկնակի հարձակման հավանականությունը։ Նոր հարձակման դեպքում նրանք հերթական պարտությունը կկրեն»,-ասել է Արաղչին։

Բացի այդ, Արաղչին, ինչպես և հանրապետության ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը, հայտարարել է, որ ԱՄՆ-ն ու Իսրայելն են կանգնած հինգշաբթի լույս ուրբաթ գիշերը Իրանի մի շարք քաղաքներում տեղի ունեցած անկարգությունների կազմակերպման հետևում։

Իսրայելը 2025 թվականի հունիսի 13-ի գիշերը Իրանի դեմ գործողություն էր սկսել՝ վերջինիս մեղադրելով գաղտնի ռազմամիջուկային ծրագիր իրականացնելու մեջ։ Օդային ռմբակոծությունների և դիվերսիոն խմբերի հարձակումների թիրախ էին դարձել ատոմային օբյեկտները, գեներալները, անվանի միջուկային ֆիզիկոսները և ավիաբազաները։

Իրանը հերքել էր մեղադրանքները՝ պատասխանելով սեփական գրոհներով։ Կողմերը 12 օր շարունակ հարվածներ էին փոխանակում, որոնց միացել էր նաև ԱՄՆ-ն՝ հունիսի 22-ի գիշերը մեկանգամյա հարձակում իրականացնելով ԻԻՀ միջուկային օբյեկտների վրա։ Դրանից հետո Իսլամական Հանրապետությունը հունիսի 23-ի երեկոյան հրթիռային հարվածներ հասցրեց ԱՄՆ–ի` Կատարում գտնվող Էլ Ուդեյդ բազային՝ հայտարարելով, որ իրանական կողմը հետագա էսկալացիայի գնալու մտադրություն չունի։

Հարվածներից հետո Իրանը հայտնել էր, որ մտադիր է վերականգնել թիրախավորված օբյեկտները և շարունակել միջուկային ոլորտի զարգացումը, այդ թվում՝ երկրում նոր ատոմակայանների կառուցման միջոցով։

Sputnik Արմենիա