Իրանի դեմ Իսրայելի և ԱՄՆ-ի սկսած ռազմական գործողությունները հարցականի տակ են դնում «Խաղաղության խորհրդի» գոյությունը։ Այս կառույցն ստեղծվել էր Վաշինգտոնի նախաձեռնությամբ՝ Գազայի հատվածում կարգավորման հասնելու նպատակով, գրում է Politico պարբերականը։
Անցյալ ամիս իր գործունեությունը մեկնարկած Խորհուրդը հասցրել էր «չնչին առաջընթաց» գրանցել, սակայն այժմ, Իրանի դեմ իրականացվող գործողությունների պատճառով, այդ գործընթացը կանգ է առել։ ԱՄՆ վարչակազմի ներկայացուցչի փոխանցմամբ՝ առայժմ հաջողվել է միայն հաշվեհամարներ բացել Համաշխարհային բանկում և JP Morgan Chase-ում։
«Ներկայումս մենք աշխատում ենք ֆինանսական պարտավորություններ են ստանձնած երկրների հետ, որպեսզի նրանց փոխանցենք բանկային վավերապայմանները», — նշել է թերթի զրուցակիցը։ Politico-ն հիշեցնում է, որ ավելի քան 20 երկիր խոստացել է Խորհրդի աշխատանքների համար շուրջ 16 միլիարդ դոլար հատկացնել, որից 10 միլիարդը բաժին է ընկնում Միացյալ Նահանգներին։
Ինդոնեզիան արդեն իսկ հայտարարել է «Խաղաղության խորհրդից» դուրս գալու մտադրության մասին՝ պատճառաբանելով Իրանին հասցված ամերիկա-իսրայելական հարվածները։ ԱՄՆ վարչակազմից Politico-ին հայտնել են, որ Ջակարտայի հետ բանակցությունները շարունակվում են, իսկ «Խաղաղության խորհուրդը նպատակ ունի Գազայի բնակիչներին ապահովել կայուն կյանքով ու բարեկեցությամբ»։ Պարբերականը նկատում է, որ այս նախաձեռնության մեկնարկի օրը բացվել էր հումանիտար բեռների փոխադրման համար առանցքային նշանակություն ունեցող «Ռաֆահ» անցակետը (Գազայի հատվածի սահմանին)։ Սակայն Իրանում ռազմական գործողությունների մեկնարկի հենց առաջին օրը Պաղեստինյան տարածքներում Իսրայելի կառավարության գործողությունների համակարգման վարչությունը կրկին փակել է անցակետը։
News.am
