Իրանի զինված ուժերի բարձրաստիճան ներկայացուցիչ, բրիգադային գեներալ Աբոլֆազլ Շեքարչին շաբաթ օրը զգուշացրել է, որ ցանկացած երկիր, որը կիրականացնի կամ կօժանդակի Իրանի դեմ ուղղված ռազմական ագրեսիային, կդիտարկվի որպես օրինական թիրախ։ Այս մասին հայտնում է Tasnim գործակալությունը։
Շեքարչին վերահաստատել է հարևան երկրների անվտանգության հանդեպ Իրանի հանձնառությունը, սակայն միևնույն ժամանակ ընդգծել է, որ հակառակորդների կողմից օգտագործվող բոլոր ռազմաբազաները կենթարկվեն պատասխան ռազմական գործողությունների։
«Մատնանշելով Միացյալ Նահանգների և իսրայելական վարչակարգի կողմից սանձազերծված շարունակական ագրեսիվ պատերազմը՝ նա ընդգծել է, որ ցանկացած երկիր, որն իր օդային կամ ցամաքային տարածքը կտրամադրի թշնամիներին, կդառնա իրանական զինված ուժերի օրինական թիրախը։ Շեքարչին վերահաստատել է Իրանի նախկին հայտարարությունն այն մասին, Իսլամական Հանրապետության դեմ ագրեսիայի մեկնարկային կետ հանդիսացող ցանկացած վայր, կհամարվի օրինական թիրախ։ Նա շեշտել է, որ Զինված ուժերը կատարել են այդ խոստումը՝ հարվածներ հասցնելով ԱՄՆ-ի բոլոր այն ռազմաբազաներին, որոնք օգտագործվել են իրանական տարածքին հարվածելու համար»,- գրում է իրանական լրատվամիջոցը։
Նա նաև պարզաբանել է հարևանների նկատմամբ Իրանի ռազմավարությունը՝ հայտարարելով, որ Իսլամական Հանրապետությունը գործադրում է բոլոր ջանքերը հարևան երկրներին վնաս հասցնելուց խուսափելու համար և հավատարիմ է մնում այդ սկզբունքին։
Գեներալը հայտարարել է, որ բոլոր մուսուլմանական երկրների անվտանգությունը սերտորեն կապված է Իսլամական Հանրապետության անվտանգության հետ, և Իրանը հարգում է այդ երկրների ազգային ինքնիշխանությունը։ Մանրամասն անդրադառնալով տարածաշրջանում Իրանի օպերատիվ նկատառումներին՝ մամուլի քարտուղարը հայտարարել է. «Այն երկրները, որոնք թշնամիներին չեն տրամադրում իրենց տարածքը, ցամաքը և ռեսուրսները, թիրախ չեն դառնա և կպահպանեն իրենց անվտանգությունը»։ Սակայն ցանկացած երկիր, որը թույլ կտա օգտագործել իր օդային տարածքը կամ ցամաքն Իրանի դեմ ագրեսիայում, կդիտարկվի որպես թիրախ, զգուշացրել է նա։
News.am
