Իրանի վերջին՝ 1979 թվականին տապալված շահի որդին՝ Ռեզա Փահլավին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին կոչ է արել պատրաստ լինել Իրանի գործերին՝ երկրում բողոքի ցույցերի մասնակիցներին օգնելու համար։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Թրամփը հունվարի 8-ին «Fox News»-ին տված հարցազրույցում խոստացել է հզոր հարված հասցնել Իրանին, եթե այնտեղ սկսեն սպանել ցուցարարներին՝ հավելելով, որ այդ մասին տեղյակ է պահել Թեհրանին։ ԱՄՆ նախագահն ընդգծել է, որ ինքը բազմիցս և հստակ ասել է, որ օգնության կհասնի Իրանի ժողովրդին, եթե դրա անհրաժեշտությունը լինի։
Փահլավին X սոցիալական ցանցում օգնություն է խնդրել Թրամփից՝ համառոտ նկարագրելով Իրանում տիրող իրավիճակը։ Նա նաև կարծիք է հայտնել, որ ԱՄՆ նախագահի սպառնալիքները զսպող ազդեցություն են ունեցել տեղի իշխանությունների վրա։
«Ես ձեզնից օգնություն եմ խնդրում։ Ես ձեզ ճանաչում եմ որպես… խաղաղության և խոսքի տեր մարդու։ Պատրաստ եղեք միջամտելու՝ Իրանի ժողովրդին օգնելու համար»,- գրել է Փահլավին։
Նա նաև հայտարարել է, որ իրանցիները առաջիկայում նորից դուրս կգան բողոքի ցույցերի։ Մեկ այլ հրապարակման մեջ քաղաքական գործիչը նշել է X-ում Թրամփի, Սպիտակ տան և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի էջերը։
Նշենք, որ Փահլավիի կոչից հետո հունվարի 8-ին Իրանում բողոքի երթեր էին անցկացվել։ Սոցիալական ցանցերում հայտնված տեսանյութերը վկայում էին լայնամասշտաբ և զանգվածային ակցիաների մասին։ Այդ ժամանակ էլ երկրում դադարեց գործել ինտերնետը։
Հիշեցնենք` Իրանում բողոքի զանգվածային ակցիաներ են անցկացվում դեկտեմբերի 28-ից։ Դժգոհության հիմնական պատճառները փոխարժեքի տատանումներն են ու գների բարձրացումը։ Սակայն ավելի ուշ Իրանի մի շարք քաղաքներում բողոքի ակցիաները վերաճեցին ոստիկանության հետ բախումների, իսկ կարգախոսները ստացան քաղաքական բնույթ՝ ընդդեմ Իրանում առկա քաղաքական կարգի:
Հունվարի 2-ին Դոնալդ Թրամփը հայտարարեց, թե ԱՄՆ–ն պատրաստ է պաշտպանել Իրանի քաղաքացիներին, եթե այդ երկրի իշխանությունները ուժ կիրառեն նրանց դեմ: Թեհրանը դատապարտեց այդ սպառնալիքները։
Sputnik Արմենիա
