Логотип

Իրանն ու ԱՄՆ-ը նախանշել են հնարավոր համաձայնագրի ուղին. Արաղչին մանրամասներ է ներկայացրել

Իրանը հայտարարել է երկրի միջուկային ծրագրի շուրջ ԱՄՆ-ի հետ բանակցությունների հերթական փուլի արդյունքներով առաջընթացի մասին:

Խորհրդակցություններն անցկացվել են Ժնևում։

Ինչպես հայտնել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին, ներկա փուլը նախորդի համեմատ ավելի արդյունավետ է եղել:

«Իմ համոզմամբ, բանակցությունների նախորդ փուլի համեմատ գրանցվել է լավ առաջընթաց», – հայտարարել է նա իրանական հեռուստատեսության եթերում:

Նախարարի խոսքով՝ կողմերն անցել են ավելի բովանդակային հարցերի քննարկմանը, իսկ հանդիպման մթնոլորտը կառուցողական է եղել:

«Մենք դիտարկել ենք տարբեր գաղափարներ և դրանց վերաբերյալ լուրջ քննարկումներ ենք ունեցել։ Արդյունքում գտնվել է ռազմավարական ուղի, որին մենք հավատարիմ ենք մնալու և որով շարժվելու ենք դեպի հնարավոր համաձայնագրի տեքստի նախապատրաստումը», — նշել է Արաղչին։

Նրա խոսքով, հաջորդ փուլը կլինի հնարավոր պայմանավորվածության կոնկրետ ձևակերպումների վրա աշխատանքը։

«Ժամկետը դեռ որոշված չէ։ Պայմանավորվել ենք, որ կողմերը կաշխատեն հնարավոր պայմանավորվածության տեքստերի վրա, այնուհետև կփոխանակվեն դրանցով, որից հետո կորոշվի բանակցությունների երրորդ փուլի ամսաթիվը», – հայտնել է ԱԳ նախարարը։

Հիշեցնենք, որ բանակցությունները վերաբերում են Իրանի միջուկային ծրագրին և պատժամիջոցների վերացման հեռանկարներին: 2018 թվականին Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրից ԱՄՆ-ի դուրս գալուց և պատժամիջոցների վերսկսումից հետո համաձայնագիրը փաստացի դադարել էր գործել: Հետագա շփումներն ուղղված են կարգավորման նոր բանաձևի որոնմանը, որը հաշվի կառնի երկու կողմերի շահերը։

Sputnik Արմենիա