Логотип

Իրանն ու «եվրաեռյակը» միջուկային հարցի շուրջ բանակցություններ են անցկացրել Ժնևում

Իրանն ու «եվրաեռյակը» այսօր Ժնևում միջուկային հարցի շուրջ բանակցությունների ևս մեկ փուլ են անցկացրել: Այս մասին հայտնել է ԻԻՀ ԱԳ փոխնախարար Քազեմ Ղարիբ-Աբադին։

«Ես և իմ գործընկեր պարոն Թախթ-Ռավանչին ևս մեկ հանդիպում ունեցանք եվրոպական երեք երկրների և ԵՄ քաղաքական տնօրենների հետ Ժնևում։ Երկու կողմերն էլ ներկայացրել են իրենց տեսակետները 2231 բանաձևի վերաբերյալ։ Իրանը շարունակում հավատարիմ մնալ փոխշահավետ դիվանագիտական լուծման որոնմանը»,-հայտնել Է Ղարիբ-Աբադին X սոցցանցում։

Նրա խոսքով՝ ժամանակն է, որ եվրոպական երկրները ճիշտ ընտրություն կատարեն և Թեհրանի հետ միջուկային հարցը լուծեն դիվանագիտական ճանապարհով:

Բանակցություններն ընթացել են «եվրաեռյակի» (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա) հայտարարության ֆոնին՝ Իրանի դեմ միջազգային պատժամիջոցները վերականգնելու պատրաստակամության մասին, եթե Թեհրանը մինչև օգոստոսի վերջ չհամաձայնի կա՛մ նոր միջուկային գործարքին, կա՛մ չերկարաձգի ՄԱԿ-ի ԱԽ 2231 բանաձևը, որը հաստատել է 2015 թվականի համաձայնագիրը և գործում է մինչև 2025 թվականի հոկտեմբերի 18-ը:

Եվրոպական երկրները Իրանից պահանջել են բանակցություններ սկսել ԱՄՆ-ի հետ իրանական ատոմի շուրջ նոր համաձայնության հասնելու համար:

Միևնույն ժամանակ ԶԼՄ-ներում տեղեկություն է հայտնվել, որ Ռուսաստանը ՄԱԿ-ում հանդես է եկել ՄԱԿ ԱԽ 2231 բանաձևի գործողությունը երկարաձգելու բանաձևի նախագծով: Իրանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Թեհրանն ուսումնասիրում է նախաձեռնության տեքստը:

Sputnik Արմենիա