Իրանն ու Իսրայելը ամբողջությամբ փակել են իրենց օդային տարածքները։ Այս մասին հայտնում են իրանական և իսրայելական լրատվամիջոցները` հղում անելով պաշտոնական աղբյուրներին։
Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացն ավելի վաղ հայտարարել էր, որ Իրանին «կանխարգելիչ» հարված է հասցվել։ Իրանական լրատվամիջոցները հայտնել էին, որ պայթյուններ են որոտացել Թեհրանում։ Պայթյունի ձայներ են լսվել նաև Սպահանում, Ղոմում և Լորեստանում, Քերմանշահում, Քարաջում և Թավրիզում։
Իսրայելական լրատվամիջոցներ գրում են, որ հարձակումը իսրայելա-ամերիկյան համատեղ գործողություն է, որի նախագծման աշխատանքը մի քանի ամիս է տևել։
Իրանի դեմ իրականացվող ռազմական գործողությունը, ըստ տեղեկությունների, կոչվում է «Հուդայի վահան»։
Իսրայելի պաշտպանության ուժերը հայտարարել են, որ ռազմաօդային ուժերը սկսել են Իրանի դեմ օդային հարվածների երկրորդ ալիքը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այս գիշեր հայտարարել է, որ Իրանի հարցով բարդ որոշում է կայացվել։ Պետդեպարտամենտի ղեկավար Մարկո Ռուբիոն էլ ԱՄՆ քաղաքացիներին հորդորել է զերծ մնալ Իրան այցելելուց, իսկ նրանց, ովքեր արդեն այնտեղ են, կոչ է արել անհապաղ լքել երկիրը:
Հիշեցնենք` տևական ժամանակ է` Իսրայելն ու Իրանը կոշտ դիմակայության մեջ են։ Թել Ավիվը Թեհրանին մեղադրում է միջուկային ծրագրի զարգացման և Իսրայելի դեմ գործող զինված խմբավորումներին աջակցելու մեջ: Իրանն էլ համարում է, որ տարածաշրջանի անկայունության գլխավոր աղբյուրը Իսրայելն է։ Իրավիճակն ավելի թեժացավ, երբ արևմտյան երկրները սկսեցին հայտարարել, որ Թեհրանը մոտ է միջուկային զենքի ստեղծմանը։
Sputnik Արմենիա
