Իրանի նախագահը և Չինաստանի առաջնորդը պայմանավորվել են լիովին իրագործել 25-ամյա համապարփակ համագործակցության համաձայնագիրն՝ ընդգծելով իրենց հանձնառությունը՝ ընդլայնելու ռազմավարական կապերը՝ ի հեճուկս ԱՄՆ ճնշմանը, հաղորդում է իրանական IRNA գործակալությունը։
Պեկինում Չինաստանի նախագահ Սի Ծինպինի հետ հանդիպման ժամանակ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտնել է Թեհրանի աջակցությունը Սի Ծինպինի գլոբալ կառավարման նախաձեռնությանը և հայտարարել, որ Իրանը պատրաստ է համագործակցել Պեկինի հետ ցանկացած պարագայում՝ կապերը «առավելագույն մակարդակի» հասցնելու համար։
Փեզեշքիանը հայտարարել է, որ Չինաստանը կարող է ապավինել Իրանին որպես «ուժեղ և վճռական» գործընկերոջ և հետաքրքրություն է հայտնել համատեղ նախագծերի նկատմամբ, ներառյալ արագընթաց երկաթուղիները և մայրուղիները։
Սի Ծինպինը իր հերթին հայտարարել է, որ Չինաստանը հանձնառու է Իրանի հետ կապերը զարգացնել «ապագա-կողմնորոշված» ձևով և կոչ է արել երկկողմ համաձայնագրերի ավելի արագ իրականացմանը։
Չինացի առաջնորդն Իրանն անվանել է «ռազմավարական գործընկեր» և կոչ է արել ավելի սերտ համակարգման Շանհայի համագործակցության կազմակերպության շրջանակում՝ միակողմանի գործողություններին հակազդելու համար։
Սին միաժամանակ վերահաստատել է Չինաստանի կողմից Իրանի խաղաղ միջուկային էներգիայի իրավունքի ճանաչումը՝ հավելելով, որ Պեկինը պատրաստ է խորացնել «փոխշահավետ համագործակցությունը» տրանսպորտի և այլ ոլորտներում՝ ի հեճուկս Արևմուտքի պատժամիջոցների։
Երկու առաջնորդներն էլ ընդգծել են, որ ուժի գործադրումը միջազգային վեճերի լուծում չէ, իսկ Սին դատապարտել է Իրանի վրա Իսրայելի կամ ԱՄՆ-ի ցանկացած հարձակում՝ որպես միջազգային իրավունքի խախտում։
News.am