Логотип

Իրանում դադարեցվել է «Բուշեր» ատոմակայանի աշխատանքը, ոլորտի ղեկավարության հետ կապ չկա

Իրանում դադարեցվել է «Բուշեր» ատոմակայանի աշխատանքը, կայանի համար սպառնալիքը պահպանվում է, այն աճում է ռազմական հակամարտության աճի հետ մեկտեղ։ Այս մասին լրագրողներին ասել է «Ռոսատոմի» ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը:

Նա հավելել է, որ «Ռոսատոմը» ամենժամյա կապ է պահպանում «Բուշեր» կայանի հետ։ Ներկայումս այնտեղ 639 ռուս աշխատակից կա։ Ընդ որում` կորել է կապը Իրանի ամբողջ ատոմային ճյուղի ղեկավարության հետ։

«Իրանի ատոմային ոլորտի ղեկավարների հետ կապ չկա։ Չկա ոչ հեռախոսակապ, ոչ էլ էլեկտրոնային կապ… Իրանի միջուկային օբյեկտներին թիրախավորված հարվածները դուրս են գալիս վերահսկողությունից, պնդում ենք, որ միջուկային օբյեկտների պահպանությունը պետք է առաջնահերթություն լինի»,-ասել է Լիխաչովը։

Նա հիշեցրել է, որ ՄԱԳԱՏԷ-ն լուսանկարներ է հրապարակել իրանական մի շարք միջուկային օբյեկտներից, որոնց ուղղությամբ հարվածներ են հասցվել:

Ավելի վաղ «Ռոսատոմի» ղեկավարը հայտնել էր, որ պետական կորպորացիան Իրանից տարհանել է «Բուշեր» ԱԷԿ-ի աշխատակիցների երեխաներին, ինչպես նաև ամբողջ լրացուցիչ անձնակազմը (94 մարդ): Տարհանման հաջորդ փուլը կիրականացվի, երբ ռազմական իրավիճակը թույլ տա։ Նախատեսվում է տարհանել 150-200 մարդու:

Sputnik Արմենիա