Իրանում ԵՄ բոլոր երկրների դեսպաններն արտաքին գործերի նախարարություն են կանչվել այն պատճառով, որ Եվրամիության ներկայացուցիչներն անցյալ շաբաթ որոշում ընդունեցին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) ճանաչել ահաբեկչական կազմակերպություն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։
Ըստ Tasnim գործակալության՝ փետրվարի 2-ին իր ամենշաբաթյա մամուլի ասուլիսում Բաղային ասել է, որ դեսպաններին կանչելը միայն նվազագույն պատասխանն է, և նշել է, որ վերջին երկու օրվա ընթացքում ԱԳՆ են հրավիրվել Թեհրանում դեսպանություններ ունեցող ԵՄ բոլոր պետությունների ներկայացուցիչները։
Բաղային նշել է, որ պաշտոնյաները պատրաստել են հետագա գործողությունների ցուցակ, որը փոխանցվել է իշխանության այն մարմիններին, որոնք որոշում են կայացնում. Թեհրանում առաջիկա օրերին կհայտարարեն ԵՄ-ի դեմ հետագա միջոցառումների մասին։
Դիվանագետի խոսքով՝ ԻՀՊԿ-ին ահաբեկչական կազմակերպության կարգավիճակ տալու ԵՄ իշխանությունների որոշումը ռազմավարական սխալ է և վիրավորանք Իրանին։ Նա նշել է, որ ԵՄ-ում անտեսել են ԻՀՊԿ-ի դերը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում։ Բաղայիի խոսքով՝ եթե ԵՄ-ում ցանկանում են սիրաշահել ԱՄՆ-ին կամ Իսրայելին, ապա արդյունքում սխալ են հաշվարկել։
Հունվարի 29-ին ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը հայտարարեց, որ ԵՄ արտաքին գործերի խորհուրդը ԻՀՊԿ-ն ճանաչել է ահաբեկչական կազմակերպություն։
Ի պատասխան դրա՝ Իրանը ԵՄ երկրների բանակներն ավելացրեց «ահաբեկչական խմբերի» ցանկում:
