Քաղաքական նպատակահարմարության խորհրդի քարտուղար, ԻՀՊԿ նախկին ղեկավար Մոհսեն Ռեզային հայտարարել է, որ Թեհրանը կդիտարկի մարտական գործողությունների դադարեցման հարցը միայն երկու պահանջի կատարման դեպքում՝ պատերազմի ընթացքում հասցված վնասի ամբողջական փոխհատուցում և անվտանգության երաշխիքներ ապագայի համար։ Այս մասին գրում է Sputnik-ը:
Ռեզայիի խոսքով՝ նման երաշխիքներն անհնար են առանց Պարսից ծոցից ԱՄՆ-ի հեռանալու և տարածաշրջանից ամերիկյան բոլոր բազաների դուրսբերման: Նա ընդգծել է, որ Իրանը չի նահանջի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել այդ պայմանները:
Այս ֆոնին, «Fars» գործակալության հաղորդմամբ, Իրանի «Խաթամ ալ-Անբիա» կենտրոնական ռազմական շտաբից հայտարարել են, որ իրանական էներգետիկ օբյեկտներին հարվածելու դեպքում Թեհրանը կոչնչացնի տարածաշրջանի երկրներում ԱՄՆ-ի նավթային ենթակառուցվածքները։
Ավելի վաղ «The Wall Street Journal» թերթը գրել էր, որ Սաուդյան Արաբիայի «Prince Sultan» ավիաբազային Իրանի հասցրած հրթիռային հարվածի հետևանքով վնասվել են ԱՄՆ ռազմաօդային ուժերի ևս հինգ լիցքավորող ինքնաթիռներ:
Sputnik Արմենիա
