Իրանում սկսված զանգվածային բողոքի ցույցերը նոր թափ են ստացել։ Այս մասին «Իրանն այսօր» տելեգրամ ալիքում գրել է իրանագետ Ժաննա Վարդանյանը։
Նրա խոսքով՝ վերջին օրերին ոչ միայն մասնակիցների քանակն է ավելացել, այլև ընդլայնվել է բողոքի ցույցերի աշխարհագրությունը։
«Մարդաշատ ցույցերի տեսանյութեր են հրապարակվել նաև այն քաղաքներից, որտեղ մինչև այժմ ակտիվություն չի եղել կամ ավելի պասիվ էր»,- նշել է Վարդանյանը։
Ըստ նրա՝ նախորդ օրվա Աբդանանի մարդաշատ ցույցից հետո նմանատիպ ակցիաներ են եղել նաև Աստարայում, Ռաշտում, Ղազվինում, Աբադանում և մի շարք փոքր քաղաքներում: Ընդ որում՝ փոքր ու միջին քաղաքներում ընդգրկվածությունն այս ցույցերի առանձնահատկություններից է: Բացի դրանից, ցույցեր են եղել նաև Թեհրանի շուրջ 20 վայրերում: Ակտիվ շրջաններից շարունակում է մնալ երկրի արևմուտքը, որտեղ նաև ավելի ռադիկալ են ակցիաները:
«Արձանագրվել են իրավապահների վրա զինված հարձակումների դեպքեր: Հարձակումներ են եղել նաև հանրային ու վարչական նշանակության օբյեկտների վրա: Իրանի պետական լրատվամիջոցները հաղորդել են 3 իրավապահի զոհվելու մասին, մեկ աշխարհազորային էլ զոհվել է «կասկածելի հանգամանքներում»»,- գրել է իրանագետը:
Վարդանյանը հայտնել է նաև, որ ուսանողները դասադուլ են հայտարարել, մի շարք քաղաքներում էլ շուկաները չեն աշխատում։
Ակցիաներին հնչող հիմնական վանկարկումներն են «մահ Խամենեիին», «մահ բռնապետին», «Փահլավին վերադառնալու է» (նախկին շահի որդին – խմբ․) և նմանատիպ այլ կարգախոսներ։
Անձամբ Ռեզա Փահլավին Fox News-ի եթերում հայտարարել է, որ պատրաստ է վերադառնալ Իրան ու գլխավորել իշխանությունների դեմ պայքարը, եթե համապատասխան պայմաններ ստեղծվեն։
Իր հերթին էլ Իրանի ԱԳՆ-ն մեղադրել է ԱՄՆ-ին երկրի ներքին գործերին միջամտելու, անկարգություններ կազմակերպելու, բռնության և ահաբեկչության համար։ Հայտարարության մեջ նշվում է, որ Իրանի ժողովուրդը թույլ չի տա Վաշինգտոնին խաթարել Իրանի ազգային ինքնիշխանությունն ու անկախությունը:
Նշվում է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը, իր Սահմանադրության մեջ ամրագրված սկզբունքներին համապատասխան, ճանաչում է խաղաղ ցույցերը և գործադրում է բոլոր ջանքերը ժողովրդի օրինական պահանջները բավարարելու համար:
Ընդ որում, գերատեսչությունում ուշադրություն են դարձրել, որ տնտեսական դժվարությունների զգալի մասը կապված է տոտալ տնտեսական և ֆինանսական պատերազմի հետ, որը ԱՄՆ-ն վարում է Իրանի ժողովրդի դեմ անօրինական և անարդար պատժամիջոցներով:
