Логотип

Իրանցի փորձագետ․ Թեհրանը մտահոգված է Հայաստանի հարավով անցնող «Թրամփի ուղով»

Իրանը մտահոգված է Հայաստանի հարավային մասով անցնող տրանսպորտային միջանցքի հնարավոր աշխարհաքաղաքական բաղադրիչով։ Թեհրանի մտահոգությունը կապված է ոչ թե ճանապարհի կառուցման բուն փաստի, այլ իրանական սահմանների մոտ ԱՄՆ-ի կամ Իսրայելի հնարավոր ներկայության հետ։ Այս մասին «NEWS.am»-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Իրանա-Եվրասիական հետազոտությունների ինստիտուտի (IRAS) փոխտնօրեն Արմինա Արմը։

Փորձագետն ընդգծել է, որ քանի դեռ երթուղին օգտագործվում է բացառապես տրանսպորտային և տնտեսական նպատակներով և Իրանի ու Հայաստանի միջև պատմական սահմանը մնում է անփոփոխ, Թեհրանի համար խնդիրներ չեն լինի։ «Եթե ճանապարհն օգտագործվի բացառապես այդ նպատակներով, Իրանը չի առարկի և կարող է անձամբ տնտեսական օգուտ քաղել նախագծից»,- հավելել է նա։

Մեկնաբանելով Երևանի այն հայտարարությունները, թե ճանապարհի կառուցումը չի ենթադրում ԱՄՆ-ի ռազմական ներկայություն, Արմը նշել է, որ Իրանը զգուշություն է ցուցաբերում։ «Պատմությունը ցույց է տալիս, որ ԱՄՆ-ի տնտեսական նախագծերը հաճախ ձեռք են բերում քաղաքական և աշխարհաքաղաքական բնույթ։ Հենց դա է վախեցնում Թեհրանին։ Մենք արդեն ավելի քան տասը տարի է ինչ ապրում ենք պատժամիջոցների ներքո և Վաշինգտոնն իրականացնում է նախաձեռնություններ առանց Իրանի մասնակցության։ Հարավային Կովկասը կարող է դառնալ այդ միտումի մի մասը»,- ասել է նա։

Փորձագետի խոսքով, Իրանը շահագրգռված չէ տարածաշրջանում լարվածության նոր փուլով։ «Առաջին և երկրորդ ղարաբաղյան պատերազմներից, ինչպես նաև Ուկրաինայի պատերազմից հետո Ռուսաստանի ազդեցությունը տարածաշրջանում թուլացել է, ինչը նոր ռիսկեր է ստեղծում։ Մենք չենք ցանկանում, որ Հարավային Կովկասը արտաքին ուժերի մրցակցության թատերաբեմ դառնա»,— ընդգծել է Արմը։

Պատասխանելով հայ-իրանական հարաբերությունների վրա ծրագրի ազդեցության մասին հարցին, փորձագետը նշել է, որ դրանց հիմքը մնում է ամուր։ «Հայաստանի և Իրանի միջև հարաբերությունները միշտ էլ բարեկամական են եղել։ Քաղաքական հակասություններ չկան և ես պատճառներ չեմ տեսնում, թե ինչու պետք է ծրագիրը խարխլի դրանք։ Թեհրանը ուշադիր կհետևի գործընթացին և կգնահատի դրա իրական հետևանքները»,- եզրափակել է Արմինա Արմը։