Իրանն ու Հայաստանը բնական հարևաններ են և իհարկե, եթե Հայաստանը խնդիրներ ունենա անվտանգության հարցերում, Իրանը կարող է որոշակի անվտանգության երաշխիքներ տալ, քանի որ իրավիճակը ազդում է նաև Իրանի վրա։ Իրանը պատրաստ է երաշխիքներ տալ անվտանգության հարցերում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է իրանցի միջազգային փորձագետ Էհսան Մովահեդյանը՝ «Արցախ. չլուծված հակամարտություն, վերադարձի իրավունք» միջազգային համաժողովի շրջանակներում։
«Մենք վստահ ենք, որ ԱՄՆ-ն տարածաշրջան է մտնում ոչ թե Հայաստանի անվտանգությունը պաշտպանելու, այլ տարածաշրջանը անկայունացնելու, Ռուսաստանին, Իրանին, ապա նաև Չինաստանին վնասելու համար։ ԱՄՆ-ն փորձում է Հայաստանի բնակիչներին միմյանց դեմ տրամադրել», – նշել է փորձագետը։
Նա ընդգծեց, որ Սյունիքի հարցը կարմիր գիծ է Իրանի համար և Իրանը պատրաստ է անվտանգության երաշխիքներ տրամադրել Հայաստանին։ Նրա խոսքով, եթե ԱՄՆ-ն փորձի «լրացուցիչ քայլեր» ձեռնարկել՝ Իրանը կարձագանքի։
News.am