Логотип

Իրանցի քաղաքագետ․ Թեհրանում պետք է վստահ լինեն, որ TRIPP-ը ռազմական նպատակ չի հետապնդում

Մեր քաղաքականությունը հիմնված է տարածաշրջանի երկրների հետ բարեկամության և համագործակցության վրա, և Իրանը կարևորում է «3+3» ձևաչափը։ Երկրները պետք է հաշվի առնեն իրենց հարևանների շահերը. դա երկարատև խաղաղության նախադրյալն է։ Նոյեմբերի 4-ին «Օրբելի 2025» միջազգային ֆորումի ժամանակ նման հայտարարություն է արել իրանցի քաղաքագետ Հասան Շիրզադին։

«Մենք չենք վստահում ԱՄՆ-ին. նրանք պատժամիջոցներ են սահմանել Իրանի նկատմամբ։ Ինչո՞ւ պետք է նրանց վստահենք։ Նրանք Պաշտպանության նախարարության անվանումը փոխել են Պատերազմի նախարարության, սպառնում են Վենեսուելային։

Եթե ԱՄՆ-ը ցանկանում է ինչ-որ լավ բան անել Հարավային Կովկասի տարածաշրջանի համար, և դրանով ամեն ինչ կավարտվի, դա հիանալի է։ Եթե նրանք օգնեն Հայաստանին և Ադրբեջանին խաղաղության ճանապարհին, դա հիանալի է։

Բայց ես այդքան էլ չեմ հավատում այդ հեռանկարում։ Որո՞նք են նրանց ծրագրերը «Թրամփի ճանապարհ միջազգային խաղաղության և բարգավաճման համար» (TRIPP) ծրագրի վերաբերյալ։ Եթե դա ուղերթ է, եթե մեր ճանապարհները և մեր կապերը Հայաստանի հետ չեն սահմանափակվելու, ուրեմն ոչ մի խնդիր չկա։ Նման դեպքում այդ ճանապարհը կմրցի իրանական ճանապարհի հետ, և դա խնդիր չէ. մենք պատրաստ ենք դրան։ Մրցակցությունը լավ է ամեն ինչում։ Սակայն, որքան ես հասկանում եմ, ԱՄՆ-ը միշտ մտքում է պահում ռազմական բաղադրիչը։

Մեզ համար ամերիկացի կապալառուների դերը մեր սահմանների անվտանգության ապահովման գործում անընդունելի է:

Եթե դա տնտեսական նախագիծ է, դա շատ լավ է։ Բայց նրանք պետք է ապացուցեն, որ դա զուտ տնտեսական նախագիծ է։ Մենք՝ Իրանում, պետք է վստահ լինենք, որ նախագիծը սոսկ տնտեսական, այլ ոչ թե ռազմական, քաղաքական կամ այլ նպատակ է հետապնդում»,- հավելել է իրանցի փորձագետը։

News.am