Իրավապահները քրեական գործեր են հարուցել պետությանը պատկանող «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ընկերությունում հայտնաբերված 2,6 մլրդ դրամի վնասի փաստով, հայտնում է «Սիվիլնեթ»-ը։
Պատճառված վնասի վերաբերյալ գործերը վերաբերում են 1,1 և 1,4 մլրդ դրամի չարաշահման դեպքերին: Երկուսն էլ հետաքննվում են յուրացման, խարդախության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման և փաստաթղթերի կեղծման հոդվածներով։ Բացի այդ, հարուցվել է 6 քրեական գործ՝ շուրջ 6 մլն դրամի գողությունների վերաբերյալ։
Պարբերկանի տեղեկություններով՝ ԲԷՑ-ի կանոնադրական կապիտալը կազմում է 24,25 մլրդ դրամ, քրեական գործերով պատճառված վնասը կազմել է կապիտալի մոտ 10%-ը: Ընդ որում, պետությանը պատճառված վնասից վերադարձվել է 207 մլն դրամ:
ԶԼՄ-ն պարզել է նաև, որ ԲԷՑ-ի ղեկավարության տարեկան աշխատավարձերի և պարգևավճարների ֆոնդը 2019-ի 86 մլն դրամից 2024-ին հասել է 114 մլն դրամի, ինչը կազմում է մոտ 33% աճ: ԲԷՑ-ը պատկանում է պետությանը, հաղորդող ցանց (220 կՎ և բարձր) է, մինչդեռ
ՀԷՑ-ը պատկանում է «Տաշիր» խմբին և կատարում է բաշխիչ ցանցի գործառույթներ (110 կՎ և ցածր)՝ էլեկտրաէներգիա մատակարարելով վերջնական սպառողին:
Armenia Today
