Логотип

Իրավապաշտպան. Ցանկացած մեկը, որ կհամարձակվի ունենալ պատմական հիշողություն ուղղակի պատժելու է

«Բարձրագույն դատական խորհուրդը պետք է հստակ պատկերացում ունենա, որ դատարանները վարկաբեկվում են ոչ թե կողքից կամ մասնակից անձանց գնահատականների արդյունքում, այլ առանձին դատավորների վարքի, դատարանների ընդունած որոշումների որակի, քաղաքական հետապնդումներին մասնակից դառնալու արդյունքում։ Այս ամենն է ազդում արդարադատության համակարգի նկատմամբ վստահության գրեթե բացակայությանը»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան, «Նժար» սահմանադրական շարժման կողմից որպես վարչապետի թեկնածու առաջադրված Նինա Կարապետյանցը։

Հիշեցնենք, որ փետրվարի 20-ին ԲԴԽ ֆեյսբուքյան էջում հրապարակվել է մի հայտարարություն, որտեղ մասնավորապես ասված է.

«Անհանգստությամբ ենք արձանագրում վերջին շրջանում փաստաբանների կողմից դատավորների հասցեին սոցիալական ցանցերում հրապարակվող մի շարք գրառումներ, որոնք ոչ միայն չեն բխում մասնագիտական էթիկայի նորմերից, այլ նաև դատավորի հեղինակությունը և ողջ դատական համակարգը վարկաբեկելու միտում են ենթադրում»։

Կարապետյանցն ընդգծեց՝ կապ չունի որևէ փաստաբան կամ մի խումբ փաստաբաններ գնահատականներ կտա՞ն, թե՞ չեն տան, կարևոր է, որ դատարանները կայացնեն այնպիսի որոշումներ, որոնք բխում են օրենքից ու իրավունքից։

«Այն, ինչ մենք տեսել ենք տարիներ շարունակ, հատկապես վերջին մեկ-երկու տարիներին, դրանք որևէ կերպ չեն բարձրացնում վստահությունը արդարադատության համակարգի նկատմամբ։ Այնպես որ այդ պարոնայք, որոնք հիմա եկել-նստել են ԲԴԽ-ում, պետք է շատ լավ իմանան, որ նաև իրենց վարքագծից է կախված մեր վերաբերմունքն արդարադատության համակարգի նկատմամբ։ Այն դեպքերում, երբ այդ համակարգը պետք է աշխատեր, պետք է պաշտպաներ այն դատավորներին, որոնք գործել են անկախ, պիտի խաղալիք չդառնար քաղաքական իշխանության ձեռքում ու պաշտոնանկ աներ այն դատավորների, որոնք այնքան էլ արդարադատություն չեն իրականացրել։ Ահա այստեղ է, որ խնդիր է առաջացել։ Մեր արդարադատության համակարգը երբեք կայացած չի եղել։ Մենք ունեցել ենք առանձին, անհատ դատավորներ, որոնք իրականացրել են արդարադատություն, բայց լայն իմաստով, որևէ իշխանություն չի ձգտել ապահովել արդարադատություն, դատարանների ու դատավորների անկախություն, բոլորն ուզեցել են ունենալ իրենց անձնական օգտագործման արդարադատության համակարգը։ Դա է պատճառը, որ այսքան ծախսեր, ներդրումներ անելուց, անհաշվելի թվով բարեփոխումներ անելուց հետո մենք չենք կարողացել ունենալ արդարադատության անկախ համակարգ»,-ասաց իրավապաշտպանը՝ ավելացնելով, որ բոլոր ժամանակներում ունեցել ենք օրվա քաղաքական իշխանության կամքից կախված արդարադատության համակարգ։

Ճնշումները քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ, ըստ Panorama.am-ի զրուցակցի, խորհրդարանական հերթական ընտրություններին ընդառաջ ավելանալու են։

«Այս իշխանությունն այն աստիճանի ցածր լեգիտիմություն ունի, այնքան փոքր սատարում ունի սեփական ժողովրդի կողմից, որ ստիպված է դիմել դրսին։ Ընտրություններին ընդառաջ սովորաբեր սկսել են ասֆալտ փռել, ընտրակաշառք բաժանել, բայց դա ուղղված է եղել սեփական ժողովրդին։ Նիկոլ Փաշինյանն այնքան կապ չունի ժողովրդի հետ, որ ստիպված է աջակցություն փնտրել դրսում։ Սկսած Թուրքիայի ԱԳ նախարար Ֆիդանից մինչև ԱՄՆ փոխնախագահ Վենս Փաշինյանին աջակցություն են հայտնում, բայց դա չի դիտվում որպես Հայաստանի ներքին գործերին միջամտություն։ Ավելին, քաղհսարակության այն ներկայացուցիչները, որոնք դեմ են արտահայտվել դրսի միջամտությանը, այսօր մեծ հպարտությամբ նշում են, որ Փաշինյանն այդ թվում Թուրքիայից ունի աջակցություն»,-ասաց նա։

Կարապետյանցը համոզված է, Աստված ոչ անի, եթե Նիկոլ Փաշինյանը ընտրվի, ապա հետապնդումներն ու ճնշումները սաստականելու են։

«Մենք կտեսնենք ճնշումներ, որոնց օրինակը չենք տեսել բառացիորեն երբեք։ Չենք տեսել հետապնդումների այնպիսի ալիք, ինչպիսին կտեսնենք Նիկոլ Փաշինյանի վերընտրվելուց հետո։ Այնպես որ մարդիկ շատ լավ պետք է հասկանան, թե Փաշինյանին աջակցելով ինչ են բերելու մեր չարչրկված ժողովրդի գլխին։ Ես այսօր ասում եմ՝ Նիկոլ Փաշինյնաի ընտրվելուց հետո մենք ունենալու ենք դիկտատուրայից այն կողմ վիճակ, շատ ծանր վիճակ ենք տեսնելու։ Ես պնդում եմ, որ Նիկոլ Փաշինյանը գերազանցելու է բոլորին, ցանկացած մեկը, ով կհամարձակվի ունենալ պատմական հիշողություն իր նախնիների, նախնիների ծագման, հայրենիքի, Ցեղասպանության, Արցախի մասին, ուղղակի պատժելու է լավագույն դեպքում բանտերով, վատագույն դեպքում… չեմ էլ ուզում ասել, թե ինչ կարող է այստեղ տեղի ունենալ; Այս իմաստով ընտրությունը շատ է հեշտ է լինելու այս առումով, այն, որ Նիկոլ Փաշինյանը գնալու է բռնությունների ճանապարհով, վայրկյան անգամ պետք չէ կասկածել»,-նման կանխատեսում արեց իրավապաշտպանը։

Ո՞ր ուժերի հետ է այս օրերին բանակցություններ վարում «Նժար» սահմանադրական շարժումը, այն ունի՞ գործողությունների պլան նրա կողմից թվարկած հնարավոր ճնշումներին արձագանքելու, հակազդելու համար։

Հարցերին ի պատասխան, Կարապետյանցն ասաց, այս օրերին բանակցում են տարբեր ուժերի հետ։

«Մենք հանդիպում ենա անգամ այն թիմերի, խմբերի, կուսակցությունների, նախաձեռնույունների հետ, որոնց հետ այլ պարագայում գուցե և ճիշտ չհամարեինք հանդիպելը, բայց հիմա դրա ժամանակը չի, մենք համարում ենք, որ իրար գլուխ պետք է հավաքվենք, այլընտրանք, ցավալիորեն, չունենք։ Վստահ չեմ, որ այն ինչ հայտարարվել է, վերջնական միավորումներ են, կարծում եմ՝ դեռ փոփոխություններ կտեսնենք, քանի որ բոլորն են ծավալուն ու բովանդակային բանակցությունների մեջ; Բոլորի հետ մենք խոսել ենք թե նախընտրական, թե հետընտրական ճնշումների մասին։ Բոլորն էլ հասկանում են, որ ճնշումներն անխուսափելի են լինելու, բոլորի հետ էլ քննարկում ենք, թե ինչ ծրագրեր, այդ թվում նաև համատեղ, կարող ենք իրականացնել, որպեսզի կարողանանք կանխել բռնությունները, ճնշումները։ Մենք բոլորս թիմում գտնում ենք, որ Նիկոլ Փաշինյանի վերարտադրվելը չի կարելի թույլ տալ։ Ավելի կործանարար ուժ, քան Նիկոլ Փաշինյանն է, մենք մինչ այս պահն ուղղակի չենք ունեցել»,-ասաց նա։