Логотип

«Իրավունքը պետք է գերակայի». Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգելու որոշումը բողոքարկվելու է

Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգելու վերաբերյալ դատարանի որոշումը սեղմ ժամկետներում բողոքարկվելու է, հայտնել է փաստաբան Արամ Վարդևանյանը։

«Այսօր ստացանք Դատարանի որոշումը Սամվել Կարապետյանի ապօրինի կալանքը (տնային) մեկ ամսով երկարաձգելու վերաբերյալ: Դատական ակտը որևէ կերպ չի բխում իրավունքից և օրենքից ու շատ սեղմ ժամկետներում բողոքարկվելու է:

Դատական նիստի ընթացքում, նույնիսկ հղում տալով գործադիր իշխանության ղեկավարի հրապարակավ խոսքին, խնդրեցի, որ դատարանը ուղիղ արձանագրի տեսաուղերձների հրապարակման կամ Ֆեյսբուքյան ուղիղ եթերի թույլատրելիությունը: Դատարանի դիրքորոշումից հետևում է, որ բոլոր այն պաշտոնատար անձինք, որոնք պնդում էին, որ Սամվել Կարապետյանի կողմից տեսաուղերձներ հրապարակելու սահմանափակում չկա, ուղիղ ստում էին: Իհարկե, այս վարքագիծը նորություն չէ:

Ցավով եմ արձանագրում այս ամենը: Դատարանն ակնհայտ ոչ իրավաչափ դատական ակտով արձանագրել է, որ այդ հարցով թույլտվություն տրամադրող մարմինը քննիչն է (այն նույն Քննչականը, որը մեր դիմումները մերժել էր): Դրա մասին խոսում ենք դեռևս 2026 թվականի փետրվարի 12-ից, և հենց վաղը կրկին կդիմեմ քննիչին: Միաժամանակ նման, մեղմ ասած, անհարիր և տգեղ մանիպուլյացիաները մեկ նպատակ ունեին` քաղաքական հետապնդման ինտենսիվացման, ուրիշ ոչինչ:

Ցանկանում եմ բացահայտել նաև, որ Պրոբացիայի ծառայությունն այդպես էլ ինձ չտրամադրեց դիրքորոշում, որ Սամվել Կարապետյանը կարող է տեսաուղերձներ հրապարակել: Ի դեպ, Դատախազությունն օժտված է բացառիկ լիազորությամբ՝ վերացնելու Դատարանի կիրառած խափանման միջոցը, ավելին՝ կարող է ընդհանրապես դադարեցնել այս ապօրինի քաղաքական հետապնդումը:

Իրավունքը պետք է գերակայի:

Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին…»,- նշել է փաստաբան Վարդևանյանը։

Aysor.am