Логотип

Լավատես չեմ, որոշումներն այստեղ չեն կայացվում. փաստաբանը՝ Միքայել Սրբազանի վերդիկտի մասին

Լավատես չենք, դատավորի վարքագիծը չի թողնում, որ լավ հույսեր փայփայենք: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 15–ւին, Միքայել Սրբազանի դատական նիստից առաջ լրագրողներին ասաց նրա փաստաբան Արա Զոհրաբյանը՝ պատասխանելով հարցին՝ ինչպիսի՞ն են ակնկալիքները դատարանից:

Նա նշեց, որ այսօր ճառերով են հանդես գալու և ռեպլիկներ են լինելու, ապա դատավորը գնալու է վերդիկտ կայացնելու:

Արագացված դատական նիստերի մասին խոսելով՝ Զոհրաբյանը նշեց. «Եթե դատավորը իր կենսագրությամբ գործերն արագ քննելու ձեռագիր ունի, այո՛, կասենք մարդն ուզում է արագ քննել, բայց ինքն ընդհանրապես գործեր ձգձգող դատավոր է, շատ ուշ է նշանակում, և այս արագությունը նույնպես խոսում է ոչ լավ նպատակի մասին»:

Զոհրաբյանը հավելեց. «Ինձ թվում է՝ դուք էլ լավ գիտեք, որ որոշումն այստեղ չի կայացվում»:

Հիշեցնենք, որ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործը մակագրվել էր դատավոր Արմինե Սերժիկի Մելիքսեթյանին:

Նշենք նաև, որ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ունենալով արքեպիսկոպոսի հոգևոր աստիճան և հանդիսանալով Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդը, պարբերաբար հրապարակային ելույթներով հանդես գալով զանգվածային լրատվության միջոցներով, ունենալով մեծ թվով հետևորդներ և հետևաբար նաև՝ իր խոսքով հասարակության անդամների վարքագիծն ուղղորդելու զգալի հնարավորություն, համաձայն չլինելով ներքին և արտաքին քաղաքականության հետ կապված հարցերի վերաբերյալ ՀՀ կառավարության դիրքորոշումների օգտագործելով զանգվածային լրատվության միջոցները, տեղեկատվական ու հաղորդակցական տեխնոլոգիաները, նախ՝ 2024թվականի փետրվարի 3-ին՝ ապա նաև՝ 2025թվականի հունիսի 21-ին, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին տրված հարցազրույցների ընթացքում հնչեցրել է իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչեր։

News.am